
Իտալիայի վարչապետը պաշտոնապես հրաժարական է ներկայացրել

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետան պաշտոնապես հրաժարական է տվել: Լետան նախորդ տարվա ապրիլի 28-ին ստացած Նախարարների խորհրդի նախագահի մանդատը հանձնել է երկրի նախագահ Ջորջո Նապոլիտանոյին:
Նախօրեին տեղի ԶԼՄ-ները հայտնել էին, որ Լետան որոշել է հրաժարական տալ, ինչի համար հիմք են ծառայել երկրի առաջատար քաղաքական ուժի՝ Իտալիայի Դեմոկրատական կուսակցության ղեկավարության նիստի արդյունքները: Դրանց համաձայն, 136 մարդ արտահայտվել է Լետայի հրաժարական տալու օգտին, իսկ 16-ը դեմ է արտահայտվել դրան:
Այժմ Լետայի ճակատագիրը պետք է վճռի երկրի նախագահը: Եթե նա ընդունի Լետայի հրաժարականը, ապա խորհրդակցություններ պետք է սկսվեն քաղաքական բոլոր կուսակցությունների հետ: