Իրանական ռազմանավերն Ատլանտյան օվկիանոս ուղարկելը կրում է խորհրդանշական բնույթ. Stratfor

Ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնն արձագանքել է Իրանի կողմից սեփական ռազմանավերն Ատլանտյան օվկիանոս ուղարկելուն. «Փետրվարի 8-ին Իրանի հյուսիսային նավատորմի հրամանատար, ծովակալ Ռեզայի Հադադը հայտարարեց, որ իրանական ռազմանավերն արդեն իսկ սկսել են Հարավային Աֆրիկայի ծովափով իրենց ուղին դեպի Ատլանտյան օվկիանոս:

Նա ընդգծել էր, որ իրանական ռազմական նավատորմը շարժվում է ԱՄՆ-ի ծովային սահմանի ուղղությամբ, և որ այդ մանևրը հանդիսանում է ուղերձ: Արդեն փետրվարի 13-ին Իրանի ռազմածովային նավատորմի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին հաստատեց, որ 29-րդ իրանական նավատորմիկն արդեն իսկ գտնվում է Ատլանտյան օվկիանոսում և շարժվում է ԱՄՆ-ի ծովային սահմանների ուղղությամբ:

Իրանական նավատորմի այդ գործողությունները տեղավորվում են Իրանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների ընթացիկ դինամիկայում: Իրանի կողմից սեփական նավերն ատլանտյան ջրեր ուղարկելը կրում է խորհրդանշական բնույթ և չի ենթադրում մարտական առաջադրանքների իրական լուծում:

Հաշվի առնելով Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների շարունակվելը՝ իրանական նավատորմի գործողությունն իրականացվում է քաղաքական զգայուն համատեքստում: ԱՄՆ-ի ու Իրանի միջև տասնամյակներով շարունակվող թշնամությունը հանգեցրել է այդ երկրներում անզիջում ճամբարների առաջացմանը, որոնք կարող են լրջորեն խաթարել պոտենցիալ յուրաքանչյուր համաձայնագիր:

Բանակցությունների շուրջ քաղաքական հռետորիկան ժամանակ առ ժամանակ կարող է թվալ չափազանց սուր, սակայն այն կոչված է ի ցույց դնելու, որ կողմերից և ոչ մեկն էլ չի գնում մեծ զիջումների: ԱՄՆ-ն այդ հռետորիկան դիտարկում է որպես (միջազգային) պատժամիջոցների արդյունավետության հերթական հաստատում:

Մինչդեռ Իրանը շարունակ խոսում է իր միջուկային ծրագրի տարրերի մասին, որոնցից հրաժարվելուն նա չի գնացել: Երկու կողմն էլ նաև ցանկանում են հասկացնել տալ միմյանց, որ հարցի ռազմական լուծման տարբերակները դեռ գտնվում են սեղանին»:

Տեսանյութեր

Լրահոս