Բաժիններ՝

Հայաստանի՝ ավելի քան 170.000 քաղաքացու համար կարող է 3 տարով արգելվել ՌԴ մուտք գործելը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանում բնակվող Հայաստանի՝ ավելի քան 170.000 քաղաքացիներ գտնվում են ռիսկային խմբում, որոնց համար Ռուսաստան մուտք գործելն արգելվելու է երեք տարով՝ համաձայն միգրացիոն նոր կանոնների:

Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակից Սվետլանա Ստեպանովան:

Նրա խոսքերով՝ այդ խումբը խախտել է միգրացիոն օրենսդրությունը՝ չերկարաձգելով Ռուսաստանում մնալու ժամկետը, չստանալով աշխատանքի համար թույլտվություն և այլն, ինչի համար էլ ակնկալվում է, որ երեք տարով կարգելվի նրանց մուտքը Ռուսաստան:

Ստեպանովան հայտարարել է, որ ոչ ոք չի հետապնդում այդ քաղաքացիներին՝ պարզաբանելով, որ դա ոչ թե արտաքսում է, այլ՝ հատուկ ընթացակարգ: Նրա բերած վիճակագրական տվյալները վկայել են, որ 2013 թվականին Հայաստանի 24.000 քաղաքացու համար արգելվել է Ռուսաստան մուտք գործելը և հաշվի առնելով դա՝ այդպիսի քաղաքացիների քանակն այժմ հասել է 31.500-ի:

Նույն տվյալների համաձայն, 2013 թվականին Ռուսաստան է ժամանել Հայաստանի 670.000 քաղաքացի, ինչը 20 տոկոսով գերազանցել է 2012 թվականի ցուցանիշը (540.000 մարդ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս