Ա. Զաքարյան. ԵՄ-Հայաստան միացյալ հայտարարությունը արտացոլում է Ասոցացման համաձայնագրում մեզ համար կարևոր կետերը

Փետրվարի 13-ին, Բրյուսելում Եվրանեսթի սոցիալական, կրթական, մշակութային և քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովի նիստում ելույթի խոսքով հանդես է եկել վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը:  Հիշեցնենք,որ փետրվարի 11-ից 13-ը Բրյուսելում, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակությունը  մասնակցում էր վեհաժողովի քաղաքական, էներգետիկ և սոցիալական հարցերով հանձնաժողովների նիստերի հանդիպումներին:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն իր ելույթում ասել է. «Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտել տիկին Անդրիկիենեին և Եվրախորհրդարանի քարտուղարությանը այս հանդիպումը Բրյուսելում կազմակերպելու համար: Պետք է նշել, որ նախատեսված օրակարգը լավագույնս արտացոլում է մեր առաջնահերթությունները, զարգացումները և ներկայիս մարտահրավերները:

Փորձը ցույց է տվել, որ մեր աշխատանքները այս հանձնաժողովի շրջանակում եղել են արդյունավետ: Մենք հաջողել ենք ստեղծել կառուցողական մթնոլորտ և, ի շնորհիվ մեր բոլորի ջանքերի, նույնիսկ զգայուն հարցերի քննարկման դեպքում, մեծամասամբ հնարավոր է եղել կայացնել ընդհանուր որոշումներ:

Հուսով եմ, որ այսօր օրակարգում ընդգրկված բոլոր քննարկումները կարևոր կլինեն պատվիրակությունների համար: Լինելով այստեղ, մենք, նախևառաջ, պատասխանատու ենք մեր ընտրողների առջև:

Վիլնյուսի գագաթաժողովն արդեն անցյալում է: Շատ կարևոր, և ըստ էության, շատ արժեքավոր էր, որ այն ապացուցեց ԵՄ և Արևելյան գործընկերության անդամ երկրների կարողությունը և պատրաստակամությունը միավորելու և համատեղելու արժեքներն ու ազգային կենսական շահերը: Մեզ համար խիստ կարևոր է այն  փաստը, որ Վիլնյուսում ընդունված ԵՄ-Հայաստան միացյալ հայտարարությունը արտացոլում է Ասոցացման համաձայնագրում մեզ համար կարևոր կետերը: Եվրոպական Միության հետ խորը և համապարփակ հարաբերությունները մեզ համար միշտ եղել և մնում են օրակարգային   առաջնահերթություն: Սա մեզ համար խորը համոզմունք է և մենք հանձնառու ենք շարունակելու այս ուղին:

Նաև, ցանկանում եմ ողջունել մեր այն գործընկեր երկրներին, որոնք նախաստորագրեցին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Նաև լիահույս եմ մոտ ապագայում Ուկրաինայում իրավիճակի կայունացման կապակցությամբ`հուսալով, որ Ուկրաինայի մեր գործընկերները առաջիկայում կմիանան Եվրանեսթի մեր աշխատանքներին»:

Տեսանյութեր

Լրահոս