Բաժիններ՝

Windows 8-ն իր հանրաճանաչությամբ զիջել է Windows 7-ին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Microsoft Corporation-ը 15 ամիս առաջ Windows 8-ի թողարկումից հետո վաճառել է այդ օպերացիոն համակարգի ավելի քան 200 միլիոն լիցենզիոն փաթեթ: Այս մասին հայտարարել է ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Թամի Ռելլերը:

Նշվում է, որ դրանով իսկ Windows 8-ն իր վաճառքի ցուցանիշով զիջել է Windows 7-ին, որի վաճառքի ցուցանիշը մեկ տարում կազմել էր 240 միլիոն լիցենզիա: Windows 8-ի և նրա վերջին թարմացման՝ Windows 8.1-ի վաճառքի համեմատաբար ցածր տեմպը կապված է վերջին երկու տարում անհատական համակարգիչների վաճառքի տեմպի ընկնելու հետ, ինչն իր հերթին տեղի է ունենում սմարթֆոնների ու պլանշետների հանրաճանաչության աճի ֆոնին:

Windows 8-ը մշակվել է որպես ճկուն համակարգ, որը կարող է աշխատել և՛ անհատական համակարգիչներում, և՛ սենսորային էկրանով սարքերում: Սակայն այն այդպես էլ հանրաճանաչություն չստացավ ավանդական համակարգիչների օգտատերերի շրջանում, իսկ Microsoft Surface պլանշետները տանուլ են տալիս Apple Inc.-ի արտադրած iPad-ի դեմ մրցակցային պայքարը:

Ընդգծվում է, որ թեև շատ ընկերություններ են տեխնիկապես գնել Windows 8-ի լիցենզիան, սակայն քչերն են այդ համակարգը տեղադրել գրասենյակային համակարգիչներում, ինչի հետևանքով իրականում շատ քիչ թվով մարդիկ են մշտապես օգտվել Windows 8-ից, և դա ամենակարևորն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս