1 միլիոն 710 հազար դոլար դրամաշնորհ՝ գիտնականներին
Փետրվարի 14-ին տեղի ունեցավ ՀՕՖ-ի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) գիտական դրամաշնորհների հանձնման արարողությունը:
ՀՕՖ-ի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի, ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համագործակցության արդյունքում լրացուցիչ 5 դրամաշնորհ է հատկացվել երիտասարդ գիտնականների հետազոտական խմբերին՝ նպաստելու ՀՀ գիտական համակարգի առաջընթացին և կադրային ներուժի համալրման գործընթացին:
Ինչպես տեղեկացրեց երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը, եռակողմ համագործակցության արդյունքում ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի միջոցներից հատկացված 25 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը (5 դրամաշնորհ՝ յուրաքանչյուրը 5000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ) տրամադրվեց մինչև 35 տարեկան այն երիտասարդ գիտնականներին, որոնց աշխատանքները ներկայացվել են ANSEF 2014թ. դրամաշնորհային մրցույթին և փորձագիտական հանձնախմբի կողմից ճանաչվել լավագույնը:
«2014թ. մրցույթին հետազոտական խորհրդին ներկայացված 210 գիտական հայտերից հաղթող են ճանաչվել 31-ը: Ուրախալի է, որ գիտական խմբերի ղեկավարներից 18-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են։ Սա ապացույցն է այն բանի, որ մեր երկրում գիտության ապագան փայլուն ձեռքերում է, և ՀՀ նախագահի կողմից աջակցումը երիտասարդ գիտնականներին նպաստում է, որպեսզի վերջիններիս ակտիվությունն էլ ավելի մեծանա»,- ասաց Գևորգ Վարդանյանը։
Նշենք, որ հաղթող գիտական թեմաներից 12-ը կենսաբանության, 8-ը ֆիզիկայի, 3-ը քիմիայի, 2-ը հայագիտության, 2-ն աստղագիտության, 1-ական էլեկտրոնիկայի, կեսաինֆորմատիկայի, բժշկագիտության և էկոլոգիայի ոլորտներից են:
Անցած 14 տարիների ընթացքում ՀՕՖ-ի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի հետազոտական խորհրդին ներկայացվել են 1500-ից ավելի դիմում-առաջարկներ: 342 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված են եղել մոտ 1330 գիտնականներ, ստացել են դրամաշնորհներ: Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է 1 միլիոն 710 հազար ԱՄՆ դոլար:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն