
Ռուսաստանն ու Եգիպտոսը նախաստորագրել են 3 միլիարդ դոլարի զենքի մատակարարման պայմանագիրը. Ведомости

Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Եգիպտոսը նախաստորագրել են ավելի քան 3 միլիարդ դոլարի սպառազինության ու ռազմական տեխնիկայի մատակարարման մասին պայմանագիրը: Այս մասին թերթին հայտնել են Ռուսաստանի ռազմական արդյունաբերությունում նրա աղբյուրները:
2014 թվականի փետրվարի 13-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցել է Եգիպտոսի պաշտպանության նախարար ու առաջին փոխվարչապետ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի ու Եգիպտոսի արտգործնախարար Նաբիլ Ֆեհմիի հետ: Սակայն պաշտոնապես չի հայտարարվել պայմանագրի նախաստորագրման մասին:
Թերթի աղբյուրների խոսքերով՝ եգիպտացի զինվորականները մտադիր են գնել МиГ-29М/М2 կործանիչներ, մի քանի տիպի զենիթա-հրթիռային համալիրներ, Ми-35 ռազմափոխադրման ուղղաթիռներ, առափնյա հականավային համալիրներ, տարբեր տիպի զինամթերք ու թեթև սպառազինություն:
Չհաստատված տվյալներով՝ Եգիպտոսի այս ռազմական գնումների համար վճարելու են Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն: Ավելի վաղ Եգիպտոսին զենքի մատակարարման շուրջ բանակցություններ վարել էին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: