
Այս տարի Մեքսիկայում խոզագրիպից մահացել է ավելի քան 460 մարդ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարի Մեքսիկայում գրիպի տարբեր տեսակներից մահացածների քանակը երեկ հասել է 505-ի: Այս մասին հայտարարել է Մեքսիկայի առողջապահության նախարարությունը:
Մահացածների մեծ մասը՝ 464 մարդ, բաժին է ընկել այսպես կոչված խոզագրիպին (A/H1N1): Գրիպով հիվանդների ընդհանուր քանակը կազմում է 4500 մարդ, որոնցից ավելի քան 3700-ը վարակվել են խոզագրիպով: Վերջին օրերին գրիպից մահացել է միանգամից 17 մարդ:
Բժիշկների խոսքերով՝ ռիսկային գոտում են գտնվում 30-59 տարեկան մարդիկ, որոնք տառապում են շաքարախտից ու ավելորդ քաշից: Խոզագրիպի առաջին դեպքը Մեքսիկայում գրանցվել է 2009 թվականի ապրիլին: Սկզբնական շրջանում այն տարածված էր միայն խոզերի շրջանում, սակայն շուտով սկսեց վարակել նաև մարդկանց: