
Հիմա Եվրոպան իր դարդ ու ցավը թողած` պիտի գա, մեր համար պետություն կառուցի՞

Ռուսաստանն այլևս ապագա չունի, ՌԴ գնանքը գնացել է: Այս մասին այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը: «Եթե այսպես շարունակվի չորս տարի հետո արտագաղթը լինելու է ահավոր, տնտեսությունը լրիվ կործանվելու է, ռեժիմը վերականգնվելու է: Ինձ համար նշանակություն չունի՝ այդ ռեժիմը Սերժ Սարգսյա՞ն, թե՞ Կիրակոս Կիրակոսյան կկոչվի, այն դեպքում, երբ ամբողջ համակարգը նույնն է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության հրաժարականը պահանջող ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնությանը, ապա Ալ. Արզումանյանը նշեց. «Մեկին հանես, մյուսին հանես… սա աշխարհի ամենակոռումպացված քաղաքական, տնտեսական համակարգն է և մենք չենք ուզում գնալ այն ուղղությամբ, որ… չեմ գտնում, որ ճիշտ է ասել, թե Եվրոպան էլ էր մեղավոր: Հիմա Եվրոպան իր դարդ ու ցավը թողած, պիտի գա, մեր համար պետություն կառուցի՞: Մենք չենք կարողանում մեր պետությունը կառուցել, ասում ենք, թե ինչո՞ւ իրենք չարեցին: Մենք ամբողջ աշխարհից պահանջում ենք ցեղասպանության ճանաչում, բայց մենք երբևէ որևէ ցեղասպանություն չենք ճանաչել, որովհետև ասում ենք, թե դա կփչացնի մեր հարաբերությունները»: