Ա.Գևորգյանի մոտ քննարկվեցին մարզային առողջապահական հաստատությունների գործունեությանը վերաբերող հարցեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի  մոտ այսօր կայացած  խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզային այցելությունների ժամանակ  բարձրացված` առողջապահական հաստատությունների խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էր նաեւ ՀՀ  առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

Խորհրդակցության օրակարգում էր մարզային առողջապահական հաստատությունների իրավական կարգավիճակի փոփոխության հարցը: Նշվեց, որ համայնքներում մի շարք հաստատություններ գործում են որպես ՓԲԸ-ներ, սակայն հաշվի առնելով վերջիններիս  գործունեության բնույթը,  այդ հաստատությունների համար առավել նպատակահարմար է ոչ առեւտրային կազմակերպությունների կարգավիճակը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Առողջապահության եւ Տարածքային կառավարման նախարարությունների, ինչպես նաեւ շահագրգիռ այլ կողմերի  ներկայացուցիչների մասնակցությամբ կստեղծվի աշխատանքային խումբ`  իրավական կարգավիճակի փոփոխության գործընթացն իրականացնելու համար:

Խորհրդակցությանը քննարկվեցին նաեւ առողջապահական հաստատությունների 2014թ. ֆինանսավորմանն ու  գործունեության արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցեր: Նշվեց, որ  այս հարցերի շուրջ Առողջապահության նախարարությունում մեկ անգամ  արդեն քննարկում  եղել է մարզային պատասխանատուների մասնակցությամբ, սակայն վերջնական մոտեցում չի ձեւավորվել, եւ լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն կա: Որոշվեց, որ մինչեւ առաջին եռամսյակի ավարտը կառավարություն կներկայացվեն առաջարկություններ` համապատասխան պայմանագրային պարտավորությունների համար  հիմք հանդիսացող ելակետային տվյալների ճշգրտման մասին: Փոխվարչապետը հորդորեց, որպեսզի Առողջապահության նախարարությունը մարզպետարանների հետ համատեղ սեղմ ժամկետներում ավարտի անհրաժեշտ պայմանագրերի կնքման գործընթացը` ֆինանսավորում ապահովելու համար:

Մարզերում բարձրացված մյուս հարցը վերաբերել է մարզերից Երեւանի բուժհաստատություններ հիվանդների ուղեգրման գործընթացին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Առողջապահության նախարարությունում կուսումնասիրվեն 2013թ.  մարզպետների կողմից ներկայացված միջնորդությունները` հիվանդների թվաքանակի եւ հիվանդությունների ցանկի վերաբերյալ, եւ դրանց հիման վրա  կմշակվեն հստակ ընթացակարգեր: Անհրաժեշտության դեպքում` մարզերի համար կարող են կիրառվել որոշակի չափաքանակներ` ըստ բնակչության թվի:

Անդրադարձ եղավ նաեւ Առողջապահության նախարարության կողմից մշակված`   Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերի  մի շարք առողջապահական հաստատությունների օպտիմալացման նախագծին: Որոշվեց, որ դրանք եւս մեկ անգամ կքննարկվեն մարզերում:

Խորհրդակցությանը քննարկվեցին նաեւ մի շարք համայնքներում կոնկրետ հաստատությունների գործունեությանը վերաբերող հարցեր:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տեսանյութեր

Լրահոս