Մաքսային միությանն անդամակցելու որոշումը չի կայացվել ՌԴ ճնշման տակ. Վարդան Օսկանյան
Մինչև սեպտեմբերի 3-ը շատ բան էր փոխվել, եթե փոխված չլիներ, Հայաստանը կարող էր սեպտեմբերի 3-ին այլ որոշում ընդունել: Այս մասին այսօր «Սիվիլիթաս»հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը: Ըստ Օսկանյանի՝ Հայաստանն իրեն վախեցնելու ներքին գործընթաց է սկսկել՝ աչքի առաջ ունենալով Վրաստանի օրինակը: «Բայց Վրաստանը Հարավային Օսեթիայի հարցում սխալներ արեց, և հետևանքը եղավ այն, ինչ եղավ»,- նշեց նա:
Վարդան Օսկանյանը հայտարարեց, թե ՄՄ անդամակցելու որոշումը Հայաստանին տարավ «սխալ ճանապարհով»: ՄՄ-ին կողմ լինել կամ չլինելը, Օսկանյանի համոզմամբ, կապ չունի ռուսամետ լինել-չլինելու հետ. «Մենք կարող էինք այլ որոշում կայացնել և ՌԴ հետ փայլուն հարաբերություններ պահել: Հայ-ռուսական հարաբերությունները իրենց ստրատեգիական հարթության վրա չէին մինչև սեպտեմբերի 3-ը»: Օսկանյանը նկատեց նաև, որ արտաքին կողմնորոշումը շատ բան է փոխում երկրի ներսում, բայց ներքին իրավիճակն էլ շատ բան է թելադրում է այդ որոշման հարցում: «Ամենագլխավոր խոչընդոտը մեր քաղաքական համակարգում հակակշիռների բացակայությունն է. մենք միակուսակցական համակարգ ունենք, և այս իմաստով սովետական շրջանից շատ բան չի փոխվել: Հիմա մենք ասում ենք ՝ ՀՀԿ-ն իշխանության է, մյուսները ազատ են, կարող են գոյություն ունենալ, բայց չեն կարող իշխանության գալ: Հակակշիռների բացակայությունը, հատկապես ԱԺ-ում, բերում է նման հետևանքների»,- ասաց նա: Օսկանյանի խոսքով՝ սեպտեմբերի 3-ի որոշումը՝ անդամակցել Մաքսային միությանը, չի կայացվել ՌԴ ճնշման տակ: Ամեն դեպքում, նույնիսկ եթեՌԴ-ն Հայաստանին այս հարցում ճնշել է, Օսկանյանի համոզմամբ, կարող էր այլ կերպ ընթանալ, եթե իշխող կուսակցւթյանը հակակշիռ լիներ: «Այդ դեպքում այդ նախագահը մանևրելու տեղ կունենար, եթե հակակշիռ լիներ: Բայց այսօր այդ հնարավորությունը չունեն….»: