Էշթոնն ու Ֆյուլեն դատապարտել են Ադրբեջանում ՀԿ-ների գործունեության սահմանափակումը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ու ԵՄ-ի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի մամուլի ծառայությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Դրանում նրանք մտահոգություն են հայտնել Ադրբեջանում հասարակական կազմակերպությունների նկատմամբ օրենսդրական նոր սահմանափակիչ ուղղումների ընդունման կապակցությամբ:
Հայտարարության մեջ ասվում է, որ այդ ուղղումները սահմանափակում են անկախ, քննադատող քաղաքացիական հասարակության գործունեությունը և հատկապես ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտները:
Հայտարարությունում ուշադրություն է հրավիրվում նրան, որ առաջիկայում Ադրբեջանը նախագահելու է ԵԽ-ի Նախարարների կոմիտեում, ինչի կապապկցությամբ այդ երկրին կոչ է արվել պահպանել սեփական միջազգային պարտավորությունները և վերանայել հասարակական կազմակերպությունների մասին օրենքը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ նույն հարցով Ադրբեջանի իշխանություններին քննադատել էր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը՝ ընդգծելով, որ Ադրբեջանում ձգտում են օրենքից դուրս դնել իշխանություններին քննադատող քաղաքացիական հասարակությանը: