Մեքսիկացին խոստովանել է, որ սպանել է առնվազն 800 մարդու
Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մեքսիկացի Խեսուս Չավես Կաստիլիոն, որի դատավարությունը ներկայումս ընթանում է ԱՄՆ-ում, խոստովանել է, որ սպանել է առնվազն 800 մարդու: Կաստիլիոն ձերբակալվել էր 2010 թվականին մեքսիկական Սիուդադ-Խուարես քաղաքում, ինչից հետո նրան հանձնել էին ԱՄՆ-ին:
Հետաքննության ընթացքում մեքսիկացին պատմել է, որ հանդիսացել է Barrio Azteca բանդայի անդամ, որի ղեկավար Արթուրո Գալեգոսն ամեն օր սպանության հանձնարարական է տվել իրեն: Դա արվել է ոստիկանությանն ու բնակչությանն ահաբեկելու նպատակով:
Մեքսիկացին մեղադրվում է նաև Սիուդադ-Խուարես քաղաքում գտնվող ԱՄՆ-ի հյուպատոսության մի քանի աշխատակիցների ու նրանց ընտանիքների անդամներին 2010 թվականի մարտին սպանելու մեջ: Կաստիլիոն այժմ ցուցմունքներ է տալիս իր (բանդայի) ղեկավարի դեմ, որի հրահանգով նա սպանել է ԱՄՆ-ի քաղաքացիներին:
ԱՄՆ-ին սահմանակից Չիուաուա նահանգը հայտնի է որպես թմրանյութերի առաքման հենակետ: Այդ նահանգում գտնվող Սիուդադ-Խուարեսը 2010 թվականին ճանաչվել էր որպես աշխարհի ամենահանցավոր քաղաք: Այդ տարի այնտեղ իրականացվել է 3100 սպանություն: Սակայն հետագայում իշխանություններին հաջողվել է շտկել իրավիճակը, և այդ ցուցանիշն անկում է ապրել: