
Լավրովն անհեռանկարային է անվանել Ուկրաինայի ապագան հստակեցնելու արտաքին փորձերը

Ռուսական Коммерсант թերթում հրապարակվել է Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հոդվածը, որում նա անհեռանկարային է համարում արտաքին փորձերը՝ ուղղված ուկրաինացիների փոխարեն երկրի ապագան և անգամ կառավարության կազմը հստակեցնելուն:
Լավրովը որպես նմանատիպ արտաքին միջամտության վառ օրինակներ է բերել Իրաքի, Աֆղանստանի ու Լիբիայի դեպքերը, ուր ընդգծված կերպ տիրում է ահաբեկչություն ու անպատժելիություն. «Չկա որևէ հիմնավորում, որ Եվրոպայում «հեղափոխությունների արտահանումը» կլինի ավելի դրական»:
Լավրովը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի զարգացման վեկտորի որոշման (Արևմուտք կամ Արևելք) փորձերն ամեն դեպքում տապալվելու են՝ հենց իրենց՝ ուկրաինացիների հայացքների պատճառով: Որպես իր այս խոսքերի ապացույց՝ Լավրովը բերել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի օրինակը: