
Վերջին երեք շաբաթվա ընթացքում Սիրիայում զոհվել է 4000 մարդ. իրավապաշտպաններ

BBC-ի փոխանցմամբ՝ սիրիացի հակակառավարական ակտիվիստները հայտնել են երկրի ողջ տարածքում ռազմական գործողությունների ակտիվացման մասին: Մարդու իրավունքների պահպանման սիրիական մոնիթորինգային կենտրոնի տվյալներով՝ վերջին երեք շաբաթվա ընթացքում Սիրիայում օրական զոհվել է ավելի քան 200 մարդ:
Թե՛ կառավարական ուժերը, թե՛ ապստամբները փորձում են ընդլայնել իրենց վերահսկած տարածքը՝ ուժեղացնելու համար սեփական դիրքերը Ժնևում ընթացող խաղաղության բանակցություններում:
Կառավարական զորքերը և նրան աջակցող լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը շարունակում են Լիբանանին սահմանակից Յաբրուդ քաղաքի պաշարումը, որը գտնվում է ընդդիմության վերահսկողության տակ: Կառավարական զորքերի ինքնաթիռներն օդային ռմբակոծության են ենթարկում քաղաքը:
Միևնույն ժամանակ Ռուսաստանն ու Չինաստանը վերստին մերժել են ՄԱԿ ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ բանաձևի ընդունելը, որում կոչ էր արվում հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչներին թույլ տալ մուտք գործել Սիրիայի բոլոր շրջաններ: