ԱԺ վարսավիր. «Ազգային ժողովի յոթ նախագահ եմ փոխել». hetq.am
hetq.am-ը գրում է. Ազգային ժողովի մուտքից ձախ գտնվում է ԱԺ վարսավիրանոցը: Դարչնագույն, փայտյա դռների վրա ապակիներ են տեղադրված, այնպես, որ փայտը հիշեցնում է երիզ: Ապակիները ծածկված են սպիտակ սավանների նմանվող վարագույրներով: Ներսի էլեկտրական դեղին լույսը միշտ երևում է դռան վերևի ապակուց: Եվ եթե չլիներ այդ սենյակի մոտ փակցած «վարսավիրանոց» բառը, դժվար կլիներ ենթադրել, թե դա ինչ սենյակ է: Իսկ հեռվից վարսավիրանոցի տառերն այնքան մանր են, որ չեն երևում: Դռան վրա էլ վարսավիր Ժորա Սահակյանի հեռախոսահամարն է: Նա արդեն 20 տարի է՝ աշխատում է Ազգային ժողովում:
– Ովքե՞ր են գալիս Ձեզ մոտ մազ կտրելու:
– Ազգային ժողովի համարյա բոլոր նախագահների ու նրանց տեղակալների մազերը կտրել եմ, մի քանի հոգու չեմ կտրել, որոնք իրենց վարսավիրներ են ունեցել: Օրինակ, Խոսրով Հարությունյանի, Բաբկեն Արարքցյանի, Սամվել Նիկոյանի մազերն եմ կտրել:
– Իսկ Հովիկ Աբրահամյանի՞:
– Չէ, իրեն ես չեմ սպասարկում:
– Ունե՞ք մշտական հաճախորդներ:
– Բա անպայման, վարսավիրը չունենա՞ մշտական հաճախորդներ… Դե, էստեղ փողոցից եկող չկա, էստեղ էլ կան մշտականներ, ամեն մեկն ընտրում է իր վարսավիրին:
– Օրինակ, ովքե՞ր են Ձեր մշտական հաճախորդները:
-Լիքն են, կան, չեմ կարող ասել: Մի 20-30 հոգի կլինեն: Էստեղ կուսակցական ոչ մի պատկանելիություն գոյություն չունի, ես վարսավիր եմ, բոլորի համար վարպետ եմ, բոլոր կուսակցություններից էլ գալիս են: Օրինակ, պարոն Արմեն Ռուստամյանն է գալիս, Վազգեն Կարախանյանն է գալիս… Էստեղի աշխատակազմից են գալիս, դե կան, չեմ ուզում ասեմ: Դաժե գալիս էին նրանք, ովքեր այդ ժամանակ արդեն չէին աշխատում Ազգային ժողովում:
– Իսկ օլիգարխ պատգամավորներից գալի՞ս են:
– Չէ, օլիգարխ ընդհանուր առմամբ ես իմ ամբողջ կյանքում չեմ ընդունել Ազգային ժողովում: Քանի որ օլիգարխները նոր են ստեղծվել, չեմ ընդունել, դե չեն գալիս:
– Քաղաքականությունից խոսո՞ւմ եք պատգամավորների հետ:
– Ոչ մի անգամ, ի՞նչ քաղաքականությունից խոսեմ:
– Գո՞հ եք Ձեր աշխատանքից:
– Հիմա չէ, հիմա չեմ կարողանում ապրել, հնարավորություն չկա, որովհետև հաճախորդները քիչ են, չեն գալիս: Հիմա ամեն քայլափոխի վարսավիրանոց է, մարդն էլ ընտրում է իրեն հարմար վարսավիրանոց, թեկուզ էստեղ է աշխատում, բայց հարմար չէ, ընտրում է իր հայաթի վարսավիրանոցը: Ընդհանուր առմամբ, էսօրվա օրով Հայաստանում բոլոր աշխատանքներն էլ սակավ են:
– Ինչքանո՞վ եք մազ կտրում:
– Գին չեմ դրել: Էսքան ժամանակ չեմ ասել՝ էս տվեք, էն տվեք: Մարդն արդեն սովոր է:
– Ամենաքիչն ինչքա՞ն է:
– 500 դրամ: Հստակ գին գոյություն չունի, ով որքան հնարավորություն ունի, ինչքան գնահատում է աշխատանքդ, էդքան էլ վճարում է: Երևի իրենք էլ չգիտեն, թե էստեղ ինչքան գին է:
– Նախկին պատգամավորներից գալի՞ ս են Ձեզ մոտ:
– Կային, օրինակ, Վարդան Բոստանջյանը, Տիգրան Թորոսյանը, Լեռնիկ Ալեքսանյանը: Բայց հիմա որ խստացվել է, հարկ չեն գտնում, էլի, որ մեկին ասեն «պրոպուսկ» գրի, հատուկ այդ վարսավիրի մոտ գան: Փողոցներում լիքը վարսավիրներ կան հիմա:
– Մի անգամ ասել էիք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մազերն եք կտրել: Ե՞րբ էր:
– Կարծեմ, 95 թվականն էր: Արարքցյանի հետ եկան: Դա միակ դեպքն էր, որ ես մեր երկրի նախագահին եմ սպասարկել: Կաշկանդված էի, չէ, վախեցած չէի: Նա պահանջկոտ չէր, էլի, որ իմ այդ կաշկանդվածությունից, ասենք, մի թեթև թերության դեպքում բողոքեր:
-Անվճա՞ր կտրեցիք:
– Ոչ, անվճար չենք կտրում էստեղ:
– Հետաքրքիր է, սա տղամարդկանց վարսավիրանոց է, բայց պատին փակցրել եք կանացի սանրվածքով պաստառ: Ինչո՞ւ:
– Դա ոչ մի նշանակություն չունի: Սա միայն տղամարդկանց վարսավիրանոց չէ, ես Հրանուշ Հակոբյանին եմ ընդունել: 95-96 թթ. կանանց սպասարկել եմ՝ «պադ մալչիկ» կտրել եմ (քաղաքային հեռախոսից զանգ ստացավ, ասաց, որ հարցազրույց է տալիս, շուտով կգա,- հեղ.):
ՄԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ամբողջությամբ կարող եք կարդա սկզբնաղբյուր կայքում: