Լևոն Զուրաբյան. Եվրոպան ցանկություն ունի շարունակել աշխատել Հայաստանի հետ

Եվրամիության անդամ 13 երկրներ հանդես են եկել Արևելյան գործընկերության անդամ երկրների հետ հարաբերությունները շարունակելուն միտված նոր գործողությունների ծրագրի մշակման առաջարկությամբ, որն արդեն իսկ ստացել է «Եվրոպական փաթեթ» անվանումը: Արևելյան գործընկերության ծրագրի տապալումից հետո սա Եվրոպայի առաջին քայլն է՝ շարունակելու հարաբերությունները այն պետությունների հետ, որոնք այդպես էլ չասոցացվեցին Եվրամիության հետ: Փաթեթի մանրամասները առայժմ հայտնի չեն, բայց ենթադրվում է, որ ներառված դրույթները օգնելու են վերականգնել Եվրամիության ընդլայնմանն ուղղված քաղաքականությունը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Եվրոպական փաթեթին», ասաց, թե Եվրոպան ցանկություն ունի շարունակել աշխատել Հայաստանի հետ:

Մեր հարցին, թե ՀՀ իշխանությունները թույլ կտա՞ն, որպեսզի Հայաստանը բանակցություններ սկսի «Եվրոպական փաթեթի» շուրջ, Լ. Զուրաբյանը պատասխանեց. «Մենք մեր գնահատականը տվել ենք, որ ՀՀ իշխանությունները ձախողել են եվրոպական ուղղությունը՝ ոչ կոմպետենտ, ոչ հետևողական, կոռումպացված քաղաքականության պատճառով: Կարծում եմ, որ Եվրոպական միությունը սրանով ավարտված չի համարում իր հարաբերությունների զարգացումը Հայաստանի հետ, և, այնուամենայնիվ, փորձում է համագործակցության ինչ-որ ձևաչափ պահպանել»:

Եվրոպան «բնականաբար» ցանկություն ունի համագործակցել Հայաստանի հետ, իսկ թե նման դեպքում ինչպե՞ս կվարվեն Հայաստանի իշխանությունները, Լ. Զուրաբյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով. «ՀՀ իշխանությունների որոշումները թելադրված են ոչ թե Հայաստանի պետական շահով, այլ՝ այնպիսի ֆակտորներով, որոնք ավելի շատ վերաբերում են նրանց անձնական անվտանգությանը, շահերին. ֆակտորներ, որոնք շատ դժվար հաշվարկելի են»:

Տեսանյութեր

Լրահոս