Մանվել Բադեյան. Ես ՀՀԿ-ում նման պատգամավորներ չեմ ճանաչում

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները չեն բացառում, որ խորհրդարանական հաջորդ քառօրյայում կբարձրացնեն կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Պատասխանելով 168.am-ի հարցին՝ արդյոք ՀՀԿ-ն անհանգստացած չէ՞, քանի որ վարչապետի պաշտոնը վտանգված է, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն ասաց, թե ընդդիմության իրավունքն է պահանջել ցանկացած մեկի հրաժարականը:

«Օպոզիցիան իրավունք ունի ցանկացած պահին քննադատել, ցանկացած մեկի հրաժարականը պահանջել: Որովհետև չմոռանանք, որ ընդդիմության նպատակը իշխանության գալն է, դրա համար օպոզիցիային պետք չէ մեղադրել»,- նշեց նա:

Մ. Բադեյանը միաժամանակ համոզմունք հայտնեց, որ ընդդիմությունը չի կարող դրական արդյունքի հասնել և կառավարությանը ստիպել հրաժարականի դիմում ներկայացնել:

«Չէ, ես բացառում եմ, որ իրենք հասնեն արդյունքի, որովհետև չունեն այդքան բավարար վստահության քվե ժողովրդի մոտ, հակառակ դեպքում՝ ավելի շատ ներկայացված կլինեին ԱԺ-ում: Իրականությունն այն է, որ իրենք ինչ էլ պահանջեն, մանավանդ, երբ կտրուկ, ֆունդամենտալ փոփոխություններ են պահանջում, դա բացառվում է»,- շեշտեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Կարդացեք նաև

Մեր հարցին, թե արդյոք իրականությանը համախատասխանո՞ւմ են ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների հայտարարությունները, թե ՀՀԿ-ում էլ կան պատգամավորներ, ովքեր կսատարեն իրենց՝ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում, Մ. Բադեյանն այսպես արձագանքեց. «Ես ՀՀԿ-ում նման պատգամավորներ չեմ ճանաչում: Ես, օրինակ, կատարում եմ մեր կուսակցության կուրսը, մեր կուսակցության մեջ նման հարց չի քննարկվել, ուր մնաց թե որևէ մեկը ինչ-որ կարծիք արտահայտած լինի: Դրա համար ես որևէ մեկին չեմ ճանաչում, որ նման կարծիք գոնե արտահայտած լինի»:

Տեսանյութեր

Լրահոս