Մեծ Բրիտանիան անհանգստացած է շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների կապակցությամբ

Eurasia.ro-ի փոխանցմամբ՝ երեկ կարճատև քննարկումներ են ծավալվել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում (Համայնքների պալատ)՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Դա նախաձեռնել է պատգամավոր Սթիֆեն Փաունդը:

Դրանց մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Մարկ Սիմոնդսը, ով նաև ելույթ է ունեցել: Իր ելույթում Սիմոնդսը նշել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է խոչընդոտել Հայաստանի ու Ադրբեջանի զարգացմանը և առաջացնում է հետագա անկայունություն առանց այդ էլ անհանգիստ Հարավային Կովկասի տարածաշրջանում.

«Այդ հակամարտությունը երբեմն անվանում են սառեցված հակամարտություն, ինչը գցում է մոլորության մեջ: Պայքարը շարունակվում է նաև վերջին այս օրերին: Մեծ Բրիտանիան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի ռեժիմի երկկողմ խախտումների կապակցությամբ: Հաղորդագրություններ են եղել հունվարին ու փետրվարի սկզբին հրադադարի ռեժիմի մեծ թվով խախտումների մասին:

Մեծ Բրիտանիան վճռականորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին: ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երեք երկրները նախորդ տարի Լոխ Էրնեում տեղի ունեցած G8-ի գագաթաժողովի ժամանակ վերստին առաջին հերթին Հայաստանի ու Ադրբեջանի կառավարություններին կոչ արեցին պատասխանատվություն ստանձնել խաղաղության գործընթացի համար: Դա նրանց հակամարտությունն է, և նրանք պետք է այն կարգավորելու պատասխանատվություն ստանձնեն»:

Տեսանյութեր

Լրահոս