Եգիպտոսի պաշտպանության ու արտաքին գործերի նախարարները մեկնել են Մոսկվա
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդել Ֆաթթահ աս-Սիսին և Եգիպտոսի արտգործնախարար Նաբիլ Ֆահմին այսօր մեկնել են Ռուսաստան, ուր և նրանք երկկողմ հանդիպումներ են անցկացնելու իրենց ռուս գործընկերների հետ:
Այս մասին հայտարարել է Եգիպտոսի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեթ Մուհամմեդ Ալին: Նա ընդգծել է, որ Եգիպտոսի ու Ռուսաստանի պաշտպանության ու արտաքին գործերի նախարարները կհանդիպեն նաև «2+2» ձևաչափով: Այցի նպատակը երկկողմ հարաբերությունների լայն շրջանակի ու համագործակցության քննարկումն է:
Այս այցը հանդիսանում է նախորդ տարվա նոյեմբերին Ռուսաստանի պաշտպանության ու արտաքին գործերի նախարարների կողմից Եգիպտոս կատարած պատմական այցի պատասխանը: Ընդգծվում է, որ սա ֆելդմարշալ աս-Սիսիի առաջին այցն է նախագահ Մուհամմեդ Մուրսիի գահընկեցությունից հետո: