Կարասինն ու Աբաշիձեն մարտի սկզբին կքննարկեն ՌԴ-ի ու Վրաստանի նախագահների հանդիպման հարցը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ շուտով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ քննարկելու է Ռուսաստանի ու Վրաստանի նախագահներ Վլադմիր Պուտինի ու Գեորգի Մարգվելաշվիլիի հանդիպման նախապատրաստման հարցը:
Կարասինը չի բացառել, որ Աբաշիձեի հետ իր հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ մարտի սկզբին. «Օրակարգը կլինի նույնը՝ հարաբերությունների կարգավորման գործնական ուղիներ այն ոլորտներում, որոնցում այսօր հնարավոր է դա:
Դա իրականացվելու է առանց հնչեղ հայտարարությունների և մեծ պատրանքների: Հաշվի առնելով մեր նախագահի ու Վրաստանի վարչապետի խոսքերը (հանդիպման հնարավորության մասին)՝ բնականաբար մենք կշոշափենք նաև այդ շատ կարևոր հարցը»:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը սրանից առաջ հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ: Վերջինս իր հերթին խոստացել է լրջորեն վերլուծել Պուտինի այդ առաջարկը: