
ԿԺԴՀ-ը և Հարավային Կորեան 7 տարվա ընթացքում առաջին անգամ սկսել են բարձր մակարդակի բանակցություններ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ը և Հարավային Կորեան այսօր սկսել են բարձր մակարդակի բանակցություններ, ինչն աննախադեպ իրադարձություն է վերջին 7 տարվա համար: Բանակցություններն անցկացվում են Փհանմունչժոմ սահմանակետում:
Բանակցություններում Հարավային Կորեան ներկայացնում է կառավարությանը կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության ղեկավարը, իսկ ԿԺԴՀը՝ Վոն Դոն Ենը՝ Հարավային Կորեայի հետ հարաբերություններում զբաղվող Միացյալ ճակատի ղեկավարի տեղակալը:
Հարավային Կորեայի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ բարձր մակարդակի բանակցություններ անցկացնելու նախաձեռնությունը ծագել է ԿԺԴՀ-ից: Ընդ որում, հյուսիսկորեական ԶԼՄ-ները որևէ կերպ չեն մեկնաբանում Փհանմունչժոմի բանակցությունները: Բանակցությունների օրակարգի մասին ոչինչ չի հաղորդվում: