Մաքսային միությունից ավելի արագ
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելի արագ տեմպերով է աճում, քան Մաքսային միության անդամ մյուս երկրներում: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2013 թ. հունվար-նոյեմբեր ամիսների ցուցանիշների համաձայն՝ ՀՀ-ում արդյունաբերական արտադրանքն աճել է 7.2%-ով, մինչդեռ Ղազախստանում՝ 2.3%, իսկ Ռուսաստանում և Բելառուսում գրանցվել է անկում՝ համապատասխանաբար 0.1% և 4.8%:
ՀՀ-ն համեմատաբար լավ վիճակում է գտնվում նաև սպառողական գների տեսանկյունից. նշված ժամանակահատվածում ապրանքների թանկացումը կազմել է 5.8%, իսկ Ղազախստանում՝ 5.9%, Ռուսաստանում՝ 6.8%, Բելառուսում՝ 18.5%:
Ապագա գործընկերների համեմատ Հայաստանում «ողբալի» է շինարարության վիճակը. 2013 թ. հունվար-նոյեմբերին այս ոլորտի անկումը մեր երկրում կազմել է 8.5%, Ռուսաստանում ևս անկում է եղել, բայց ընդամենը 0.8%, իսկ ահա Բելառուսում և Ղազախստանում շինարարությունը «ծաղկում» է՝ համապատասխանաբար գրանցվել է 8.2% և 8.7% աճ:
Մանրածախ առևտրի ոլորտում եթե Հայաստանում նշված ժամանակահատվածում գրանցվել է ընդամենը 0.3% աճ, սա էլ այն դեպքում, երբ ցուցանիշում ներառված է նաև ավտոմեքենաների մանրածախ առևտուրը, մինչդեռ Բելառուսում գրանցվել է 18.1%, Ղազախստանում՝ 12.6%, Ռուսաստանում՝ 3.9% աճ:
Տպավորիչ է նաև տնտեսություններում մեկ աշխատողի միջին ամսական անվանական աշխատավարձի աճը. եթե ՀՀ-ում այն հունվար-նոյեմբերին եղել է 4.5%, ապա Բելառուսում՝ 40.2%, Ղազախստանում՝ 6.9%, ՌԴ-ում՝ 12.7%: