Քաղաքացուն դատարանի զուգարանում փակված պահելու դեպքով միջոցներ են ձեռնարկվել
Փաստաբան Անի Թորոսյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Էջմիածնի դատարանի աշխատակիցները զուգարանի դուռը բանալիով փակել էին քաղաքացու վրա: Ըստ փաստաբանի գրառման՝ թիվ ԱՐԴ1/0880/02/11 գործով պատասխանող Անգին Մովսիսյանի վրա դուռը փակել էին այն պատճառով, որ՝ «չի կարելի օգտվել» զգուշացումից հետո վերջինս «հանդգնել էր» օգտվել զուգարանից:
«Բոլորի ներկայությամբ տիկինը սկսեց աղմկել ու պահանջել աշխատակազմի ղեկավարին: Ըստ իր խոսքերի, երբ մտել է ներս, իրեն ասել են, որ չի թույլատրվում քաղաքացիներին օգտվել դատարանի զուգարանից: Երբ տիկին Անգինը՝ չլսելով աշխատակցին, ներս է անցել՝ իրեն ասել են, թե՝ «հիմա դուռը կփակեմ՝ կիմանաս … Հետո հարկադրված ներսից սկսել է հավածել փակ դռանը այնքան, մինչև բացել են…»,- գրել էր փաստաբանը:
ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունն արձագանքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությանը՝ նշելով. «Ըստ որոշ լրատվական կայքերի՝ «Այսօր Էջմիածնի դատարանի աշխատակիցները զուգարանի դուռը բանալիով փակել էին թիվ ԱՐԴ1/0880/02/11 գործով պատասխանող Անգին Մովսիսյանի վրա, այն պատճառով, որ «չի կարելի օգտվել» զգուշացումից հետո վերջինս «հանդգնել էր» օգտվել զուգարանից:
Դատական դեպարտամենտն անմիջապես ձեռնարկել է միջոցներ դեպքի հանգամանքները պարզելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Դատարանի գրասենյակի աշխատակից Անահիտ Գևորգյանը խիստ նախազգուշացվել է»: