
«Տրանսֆերային գնագոյացման մասին» ՀՀ օրենքի նախագիծը կներկայացվի կառավարության հավանությանը

ՀՀ կառավարության առաջիկա՝ փետրվարի 13-ի նիստում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը գործադիրի հավանությանը կներկայացնի «Տրանսֆերային գնագոյացման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այդ օրենքը սահմանում է տրանսֆերային գնագոյացման հասկացությունը, մեթոդները, որոնց վրա հիմնվում է տրանսֆերային գնագոյացումը, ինչպես նաև կարգավորում է տրանսֆերային գնագոյացման հետ կապված մյուս հարաբերությունները:
Ըստ օրինագծի՝ վերահսկվող են համարվելու այն գործարքները, որոնք կիրականացվեն ՀՀ հարկ վճարող և օֆշորային գոտիներում գրանցված անձանց միջև` անկախ փոխկապակցվածության հանգամանքից, ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ փոխկապակցված անձանց միջև, ՀՀ ռեզիդենտ փոխկապակցված անձանց միջև գործարքները, երբ գործարքի կողմերից առնվազն մեկը հանդիսանում է ռոյալթի վճարող կամ օգտվում է հարկային արտոնություններից կամ տնտեսական գործունեություն է իրականացնում ազատ տնտեսական գոտում:
Հիշեցնենք, որ անցած տարի մայիսին կառավարությունը մերժել էր ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Իսկ այն ժամանակ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը նշել էր, թե իրենք խնդիրը փորձել են լուծել «Տրանսֆերային գնագոյացման մասին» ՀՀ օրենքով: