
Իրանի արտաքին քաղաքականությունում հատուկ տեղ են զբաղեցնում հարևան երկրները. Ռոուհանի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Իսլամական հեղափոխության 35-ամյակի կապակցությամբ հայտարարել է, որ Իրանը դիմակայելու է յուրաքանչյուր ագրեսորի.
«Ոչ մի երկիր չի կարողացել հաղթել մեզ: Մեր երկիրը շարունակում է զարգացման ուղին: Այսօր՝ նոր կառավարության աշխատանքների սկսվելուց 6 ամիս անց, մենք տեսնում ենք, որ համալսարաններում ու ԶԼՄ-ներում մթնոլորտը դարձել է ավելի ազատ: Հասարակությունը նույնպես ձեռք է բերել անդորր:
Կառավարությունն ու խորհրդարանը սկսել են ավելի արդյունավետ համագործակցել: Ներկայիս կառավարությունը կատարելու է իր տված բոլոր խոստումները: Իրանի արտաքին քաղաքականությունում հատուկ տեղ են զբաղեցնում հարևան երկրները:
Մենք ձգտում ենք հասնել տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատմանը, որի կարևոր պայմանն է ահաբեկչության դեմ համատեղ պայքարը: «Վեցյակի» հետ բանակցություններում մենք ցանկանում ենք ասել, որ Իրանը չի ձգտում որևէ երկրի հետ թշնամության, դիմակայության: Իրանը կդիմակայի յուրաքանչյուր ագրեսորի:
Մենք ցանկանում ենք միջազգային հանրությանն ասել, որ պատժամիջոցներն ապօրինի են: Իրանի ժողովրդին սպառնալն անօգտակար է: 35 տարվա ընթացքում ժողովուրդը դիմակայել է սպառնալիքներին: Չարակամները պետք է իմանան, որ իրենց սպառնալիքները միայն միավորում ու ամրապնդում է մեր ժողովրդին»: