«Սովռանոն» սխալ մակնշված ձվեր է ներկրել
Վերջին օրերին ակտիվ շրջանառվում է ՀՀ ներկրված և սխալ մակնշված ձվերի խնդիրը: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը 168.am-ին տեղեկացրեց, որ ՀՀ օրենսդրության պահանջներին չբավարարող ձվերի խմբաքանակն Ուկրաինայից ՀՀ է ներմուծվել «Սովռանո» ընկերության կողմից, որը նախկինում հավկիթի ներկրմամբ չի զբաղվել: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից ՀԿ-ին հայտնել են, որ տնտեսվարողը պարտավորվել է խմբաքանակն իրացման ցանց դուրս բերել միայն կրկնապիտակի օգնությամբ խմբաքանակի մակնշման ՀՀ օրենսդրության պահանջների բավարարումն ապահովելուց հետո, սակայն տնտեսվարողը խախտել է օրենքը, և ձվերն իրացման ցանց են դուրս բերվել՝ չապահովելով ՀՀ օրենսդրության պահանջները:
Ավելի ուշ ՍԱՊԾ-ից տեղեկացրել են, որ իրականացվում է դիտարկում իրացման կետերում, որի արդյունքում թերի մակնշմամբ կամ ժամկետանց ձվեր հայտնաբերելու դեպքում դրանց վաճառքը կկասեցվի և շուկայից դուրս կհանվի: Ըստ Պիպոյանի՝ չնայած դիտարկման ընթացքում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրավասու չէ վարչական պատասխանատվության ենթարկել տնտեսվարող սուբյեկտներին, և իրացնողները չեն տուգանվել, այդուհանդերձ, արդեն ժամկետանց և սխալ մակնշված խմբաքանակները կասեցվել են հենց իրացման կետերում, իսկ փոքր բիզնեսի համար անգամ այդ խմբաքանակի համար վճարված կամ վճարվելիք գումարն արդեն մեծ հարված է:
«Ստացվում է, որ օրենքը խախտում է խոշոր բիզնեսը, այս դեպքում՝ ներկրող «Սովռանո» ընկերությունը, մինչդեռ տնտեսական վնաս կարող է կրել փոքր բիզնեսը՝ իրացման կետերը»,- ասաց Բ.Պիպոյանը:
«Սովռանո» ընկերության հետ կապ հաստատել չհաջողվեց, ինչը հնարավորություն կտար պարզելու՝ արդյոք արդեն կասեցված ձվերը ներկրող ընկերության կողմից հետ են հավաքվել իրացման կետերից, թե՝ ոչ: Բոլոր այն իրացման կետերին, որոնք տուժել են ՀՀ օրենսդրության պահանջներին չբավարարող ձվերի իրացման պատճառով, Բ.Պիպոյանը կոչ արեց տեղեկացնել կազմակերպությանը (հեռ. 430 930):