Եվրոփաթեթավորում
Եվրամիության անդամ 13 երկրներ հանդես են եկել Արևելյան գործընկերության անդամ երկրների հետ հարաբերությունները շարունակելուն ուղղված նոր գործողությունների ծրագրի մշակման առաջարկությամբ, որն արդեն իսկ ստացել է «Եվրոպական փաթեթ» անվանումը: Սա, ըստ էության, Եվրոպայի պատասխանն է Արևելյան գործընկերության ծրագրի տապալումից հետո ստեղծված իրավիճակին: Այդ փաթեթի մանրամասները դեռևս հայտնի չեն, սակայն պետք է ենթադրել, որ դրանով Եվրոպան փորձելու է նոր գործիքներ գտնել Եվրամիության ընդլայնմանն ուղղված ու առայժմ տապալված քաղաքականության համար:
Այս նախաձեռնությունը ոմանք գնահատում են` որպես Հայաստանի համար նոր հնարավորություն` եվրաինտեգրացիայի գործընթացը շարունակելու առումով: «Եվրոպական փաթեթը» վերաբերում է Արևելյան գործընկերության ծրագրի անդամ բոլոր վեց երկրներին, այդ թվում՝ Հայաստանին: Սակայն ակնհայտ է, որ Եվրամիությունն այս փաթեթով առաջին հերթին` փորձելու է լուծել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի ինտեգրացիայի խնդիրները, նույն եվրոպացիները չեն էլ թաքցնում այդ մասին: Այսինքն՝ Հայաստանի անունն այդ երկրների ցանկում դեռևս կամ արդեն ընդգրկված է ավելի շատ` խորհրդանշական կամ նոմինալ իմաստով: Եվրամիությունը Հայաստանին այլևս լուրջ չի վերաբերվում, և դա լավագույնս արտահայտվեց անցած շաբաթ Ստրասբուրգում կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստում, որն, ըստ էության, տապալվեց՝ առանց անգամ խորհրդանշական հայտարարություն ընդունելու:
Անցած տարվա սեպտեմբերի 3-ից հետո Եվրամիությունը տևական ժամանակ փորձում էր ըմբռնումով մոտենալ Հայաստանի անսպասելի որոշմանը՝ հավատալով կամ գուցե ցույց տալով, որ հավատում է Ռուսաստանի իշխանությունների կողմից գործադրված ճնշումների մասին ՀՀ իշխանությունների՝ «եվրոպական միջանցքներում» արված արդարացումներին:
Բայց անցած մի քանի ամիսներին Հայաստանի իշխանությունները սկսեցին «ճնշում գործադրել» Ռուսաստանի վրա՝ Հայաստանի ինքնիշխանության հանձնման գործընթացն արագացնելու համար: Միաժամանակ, նույն իշխանությունները եվրոպական մայրաքաղաքներում Հայաստանի եվրաինտեգրացիայի մասին շարունակում են խոսել այնպիսի շեշտադրումներով, կարծես ոչինչ էլ չի եղել, հայտարարում են, թե Հայաստանը շարունակում է ասոցիացվել Եվրոպային` առանց Ասոցացման համաձայնագրի, և այլն:
Եվրամիությունը, սակայն, կարծես արդեն դադարել է հանդուրժել խաբեությունն ու ցինիզմը և Հայաստանի հետ հարաբերություններում «իրերն անվանում է իրենց անուններով»: Ավելի պարզ ասած, Եվրամիությունը Հայաստանին այլևս չի վերաբերվում որպես ինքնիշխան պետություն՝ համարելով, որ Հայաստանի հետ կապված հարցերի համար պետք է բանակցի Ռուսաստանի հետ: Որպես վերջինիս մաս էլ, Հայաստանն, ըստ էության, ընդգրկվել է «Եվրոպական փաթեթում»: Այսինքն՝ Եվրամիությունը Հայաստանը «փաթեթավորել» է մոտավորապես այն իմաստով, որով այդ արտահայտությունը հասկանում ու օգտագործում են Հայաստանի իշխանության ներկայացուցիչները: