Ադրբեջանում արգելել են երեխաներին Աթաթյուրք անվանակոչելը
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում արգելել են երեխաներին անվանել Աթաթյուրք (թարգմանաբար՝ թուրքերի հայր)՝ ի պատիվ ժամանակակից Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի կառավարությանը կից տերմինաբանության հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Սայալ Սադիգովը:
Նա մանրամասնել է, որ արգելքը կրում է ոչ պաշտոնական բնույթ. «Սակայն եթե ինչ-որ մեկը դիմի մեզ, ապա մենք նրան կմերժենք այդ հարցում»: Նա հավելել է, որ իրենք նման որոշում ընդունել են այն բանից հետո, ինչ համապատասխան հարցով իրենց դիմել է Թուրքիայի կառավարությունը: Հայտնի չէ, թե դա երբ է տեղի ունեցել:
Նախորդ տարվա մայիսին Սադիգովն արդեն իսկ հայտարարել էր, որ տեղաբնակներին կարող է արգելվել իրենց երեխաներին Թուրքիայի առաջին նախագահի պատվին անվանակոչելը. «Աթաթուրքը պատմական անձնավորություն է, իսկ այդ անունը պետք է պատկանի միայն նրան»:
Նշվում է, որ Ադրբեջանում ներկայումս ապրում է Աթաթուրք անվամբ 18 մարդ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (ԹԱՄժ) ազգանունների մասին թիվ 2525 օրենքն ընդունել է 1934 թվականի հունիսի 21-ին, այն Պաշտոնաթերթում հրապարակվել է 1934 թվականի հուլիսի 2-ին և ուժի մեջ է մտել 1935 թվականի հունվարի 2-ին:
Ազգանունների մասին օրենքն ընդունելուց 5 ամիս անց՝ 1934 թվականի նոյեմբերի 24-ին, ԹԱՄԺ-ի ընդունած թիվ 2587 օրենքով Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալին շնորհվեց «Աթաթուրք» ազգանունը: 1934 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունված օրենքով Թուրքիայում արգելվեց այլ անձանց կողմից այդ ազգանվան կրելը: