
Բուլղարիան թույլատրել է ռուսական «Հարավային հոսք» գազատարի ծովային հատվածի կառուցումը

RBC-ի փոխանցմամբ՝ Բուլղարիայի շրջակա միջավայրի ու ջրային պաշարների նախարարը հավանության է արժանացրել ռուսական «Հարավային հոսք» ծովային գազատարի կառուցմանը: Այս մասին հայտարարել է South Stream Transport B.V. նախագծի օպերատոր ընկերությունը:
Ակնկալվում է, որ գազատարի (բուլղարական հատվածի) կառուցումը մեկնարկելու է 2014 թվականի կեսին: Բուլղարական կողմը հաշվարկել է գազատարի կառուցման պոտենցիալ ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: «Հարավային հոսք» գազատարի տարեկան թողունակությունը կազմելու է 63 միլիարդ խորանարդ մետր:
Խողովակաշարի սևծովյան հատվածի երկարությունը կազմելու է ավելի քան 930 կիլոմետր, իսկ առավելագույն խորությունը՝ ավելի քան 2 կիլոմետր: Գազատարի ցամաքային հատվածի երկարությունը կազմելու է 1455 կիլոմետր, այն անցնելու է Բուլղարիայի, Սերբիայի, Հունգարիայի ու Սլովենիայի տարածքներով: Գազատարով առաջին մատակարարումները սկսվելու են 2015 թվականին: