ԱՄՆ-ն աջակցում է ԱՀԿ-ին Ադրբեջանի անդամակցությանը. Մորնինգսթար
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը երեկ Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում ունեցած ելույթում հայտարարել է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ադրբեջանի անդամակցությունը հավելյալ հնարավորություններ կստեղծի նրա տնտեսական աճի համար:
Դիվանագետի խոսքերով՝ ԱՀԿ-ին անդամակցելը կնշանակի աշխատատեղերի քանակի ավելացում, առևտրի ու ներդրումների ընդլայնում. «ԱՄՆ-ն այդ կազմակերպությանն անդամակցելու հարցում աջակցում է Ադրբեջանին: Ադրբեջանը պետք է ձեռնարկի կարևոր քայլեր ու իրականացնի տնտեսական վերափոխում, որպեսզի դառնա ԱՀԿ-ի անդամ»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը մտադիր չէ մոտ հեռանկարում անդամակցել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը: