
Յանուկովիչի աշխատակազմի ղեկավարը Խարկովում գաղտնի բանակցել է Տիմոշենկոյի հետ. մամուլ

Коммерсантъ-Украина թերթի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, ով գտնվում է ազատազրկման մեջ, նախորդ շաբաթ հանդիպել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կլյուևի հետ: Այս մասին թերթին հայտնել է Գերագույն ռադայի ընդդիմադիր խմբակցություններից մեկի ղեկավարությունում նրա աղբյուրը:
Տիմոշենկոյի գլխավորած «Բատկիվշչինա» կուսակցությունը պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկությունը: Աղբյուրը պնդում է, որ Խարկովում (ուր ազատազրկում է կրում Տիմոշենկոն) անցկացված բանակցություններում քննարկման առարկա է դարձել քաղաքական ճգնաժամից համատեղ դուրս գալու ելքի փնտրտուքը և խորհրդարանում «Բատկիվշչինայի» ու իշխող «Ռեգիոնների» կուսակցության ջանքերի միավորումը:
Նշվում է, որ «Բատկիվշչինան» ու «Ռեգիոնների» կուսակցությունն արդեն իսկ ունեն նման բանակցությունների փորձ: 2009 թվականին նրանք փորձել են պայմանավորվել խորհրդարանական մեծամասնություն ստեղծելու և Սահմանադրությունը փոխելու շուրջ: