
ԱՄՆ կոնգրեսի շենքում հայտնաբերվել է կասկածելի փոշի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ ԱՄՆ կոնգրեսի շենքերից մեկում հայտնաբերվել է կասկածելի փոշի: Այս մասին հայտարարել են անվտանգության ծառայության աշխատակիցները: Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը:
Փոշին հայտնաբերվել էր Օրեհոն նահանգից ընտրված (դեմոկրատ) սենատոր Ռոն Ուայդենի գրասենյակում: Դրանից հետո բարձրախոսով բոլորին կոչ է արվել հեռու մնալ շենքից: Ուայդենն ինքը նոր է Օրեհոնից ժամանել Վաշինգտոն և դեռ չի հասցրել գտնվել շենքում:
Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ իրենք անում են ամեն հնարավոր բան, որպեսզի իրենց աշխատակիցները գտնվեն անվտանգ պայմաններում: Ականատեսների վկայությամբ՝ ոստիկաններն ու հրշեջները հետազոտում են Ուայդենի աշխատասենյակի մոտ հայտնաբերված պլաստիկ բեռնարկղերի պարունակությունը: