
Վրաստանի Գեգուտի բանտում մոտ 300 բանտարկյալ կտրել է երակները. նախկին բանտարկյալ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Գեգուտի բանտում երակները կտրել է ավելի քան 300 բանտարկյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում երեկ հայտարարել է արդեն նախկին բանտարկյալը, ում ազատազրկման ժամկետը լրացել է հենց երեկ.
«Նախորդ գիշեր մեզ սպառնացել են հատուկ նշանակության ջոկատ բերելով: Վարչակազմի կողմից եղել են սադրանքներ: Մոտ 300 մարդ կտրել է երակները: Թող ժողովրդական պաշտպանը (օմբուդսմենը) հետաքրքրվի ուղղիչ հիմնարկի իրավիճակով և ամեն ինչ տեսնի իր աչքերով»:
Փետրվարի 7-ին Քութայիսի մոտ գտնվող Գեգուտի բանտում հացադուլ է հայտարարել մոտ 1000 բանտարկյալ՝ որպես բողոքի նշան բանտի աշխատակիցների կողմից իրենց նկատմամբ կոշտ վերաբերմունքի դեմ:
Վրաստանի պատիժների իրագործման նախարար Սոզար Սուբարին լրագրողներին հայտնել է, որ դա քրեական հեղինակությունների պլանավորած ակցիան է, որոնք դժգոհ են նրանից, որ զրկվել են բանտերում ունեցած գերակա դիրքերից:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ Գեգուտի բանտում 10-17 բանտարկյալ կտրել է երակները: