Մարգվելաշվիլին լրջորեն կվերլուծի հանդիպելու մասին Պուտինի արած առաջարկը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ լուրջ վերլուծության է ենթարկելու ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունը:
Մարգվելաշվիլին ընդգծել է, որ ուշադիր հետևում է Ռուսաստանի նախագահի յուրաքանչյուր ուղերձին. «Ռուս-վրացական հարաբերությունները վրացական պետության համար ամենացավոտ և խնդրահարույց հարցերից մեկն են: Հետևաբար, մենք շատ լուրջ ենք վերլուծում այդ հայտարարությունը, կանցկացնենք խորհրդակցություն և կձևավորենք մեր դիրքորոշումը:
Եթե հնարավորություն կա, որ նման հանդիպումը դրական ազդակ կհաղորդի ռուս-վրացական հարաբերություններին, ապա բնականաբար կա հիմք այդ թեմաները գործընկերների հետ քննարկելու համար՝ նախապես խորհրդակցելով թե՛ երկրի ներսում, թե՛ արևմուտքի գործընկերների հետ»:
Նշվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հայտարարել է, որ չի բացառում իր վրացի գործընկերոջ հետ հանդիպման հնարավորությունը, եթե վերջինս ցուցաբերի նման ցանկություն. «Եթե նա (Գեորգի Մարգվելաշվիլի) ցանկանա, ապա ինչու ոչ»: