
Իրանը հայտարարել է երկու նոր հրթիռի հաջող փորձարկման մասին

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի իշխանությունները հայտարարել են երկու նոր հրթիռի հաջող փորձարկման մասին: Դրանք իրականացվել են երեկ և նվիրված են եղել Իսլամական հեղափոխության 35-ամյակին:
Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգանը հայտարարել է. «Մենք հաջողությամբ փորձարկել ենք նոր սերնդի բալիստիկ հրթիռ՝ առանձնացող գլխամասով, ինչպես նաև լազերով ուղղորդվող, «օդ-երկիր» դասի «Բինա» հրթիռ: Բալիստիկ հրթիռն ունի ՀՕՊ-ից խույս տալու համակարգ»:
Նախարարը չի հայտնել, թե որքան է կազմում նոր հրթիռների հեռահարությունը: Իրանական ամենահեռահար հրթիռ է համարվում Shahab-3/3B-ը, որը ստեղծվել է հյուսիսկորեական Rodong հրթիռի հիման վրա: Դրա հեռահարությունը կազմում է 2000 կիլոմետր, ինչն Իրանին հնարավորություն է տալիս խոցել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին: