Ավելի արդյունավետ կլինի կոշտ դիրքորոշում ցուցաբերել` թեկուզ ոչ հրապարակայնորեն, քանի դեռ Ադրբեջանը չի հատել այդ «կարմիր գիծը»
«Ես համոզված եմ` նույնիսկ եթե Մինսկի խմբի համանախագահ երկրները հրապարակային դաշտում հայտարարություններ են անում, այսպես կոչված, հավասարակշռությունը պահպանելու համար, ապա ոչ հրապարակային ձևերով, դիվանագիտական խողովակներով, այնուամենայնիվ, Ադրբեջանին հասկացնում են, որ, այսպես կոչված, «կարմիր գիծը» չհատի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության շփման գծում վերջին դեպքերի վերաբերյալ Մինսկի խմբի հայտարարությանը:
Դավիթ Բաբայանը նույնն ասաց նաև Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության արձագանքի վերաբերյալ: «Քանի որ Ռուսաստանը նաև հանդիսանում է Մինսկի խմբի համանախագահող երկիր, հատկապես այժմ ընթանում են Սոչիի օլիմպիական խաղերը, այդ պատճառով հրապարակավ հայտարարություններ անելը, մեղադրելը կարող է բերել այլ` անցանկալի գործընթացների: Հետևաբար, շատ ավելի արդյունավետ կլինի կոշտ դիրքորոշում ցուցաբերել` թեկուզ ոչ հրապարակայնորեն, քանի դեռ Ադրբեջանը չի հատել այդ «կարմիր գիծը»»,- ասաց նա:
Հարցին, թե իր կարծիքով` ռուսներն այդպիսի կոշտ դիրքորոշում հայտնո՞ւմ են ադրբեջանական կողմին, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Իմ կարծիքով` բոլորն էլ հայտնում են»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթում: