Ինչո՞ւ է պետք փոխարինել Տիգրան Սարգսյանին մեկ ուրիշ Տիգրան Սարգսյանով

Հարցազրույց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի հետ

– ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ԲՀԿ-ն, չեն բացառում, որ շուտով կարող են հանդես գալ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ: Ի՞նչ եք կարծում` կառավարության հրաժարականի պահը հասունացե՞լ է:

– Ես համարում եմ, որ ամեն ինչ բարդել կառավարության վրա` սխալ է: Եթե ոչ իշխանական չորս ուժերը պահանջեն ամբողջական իշխանափոխություն` կմիանամ նրանց, բայց եթե կառավարությունն են ուզում փոխել, ինձ համար անհասկանալի գործընթաց է: Հա, ասենք` Տիգրան Սարգսյանը գնաց, եկավ Կարապետ Կիրակոսյանը, ի՞նչ է փոխվելու: Կամ պատկերացնենք, որ կառավարությունը հրաժարական տվեց, վարչապետ եկավ ամենալավ մարդը, ասենք` Գիմիշյան Սոսը, ի՞նչ է փոխվելու, ի՞նչ կարող է նա անել, երբ նախագահը նույնն է, խորհրդարանական մեծամասնությունն էլ իրենն է:

Կարծում եմ` ոչ իշխանական այդ ուժերը ցանկություն ունեն այնպիսի մեկին բերել վարչապետի պաշտոնում, որ իրար հետ լեզու գտնեն, իրար հետ լավ ապրեն: Խորհրդարանական ընդդիմությունը կարծես թե իշխանության հետ գործարքի է ուզում գնալ, որովհետև պայքարել հրաժարականի համար, որը ոչինչ չի փոխում, այլ բացատրություն չունի: Ըստ երևույթին, ուզում են համաձայնեցնել, մի մարդ բերել, որ լավ ապրեն, թքած ժողովրդի, պետության վրա, կամ էլ` հերթական խաղեր են, որով խորհրդարանական ընդդիմությունն ապացուցում է իր` ընդդիմություն չլինելը:

Կարդացեք նաև

– Այսինքն` համաձայն չե՞ք այն կարծիքներին, որ ամբողջական իշխանափոխության համար նախ` պետք է կառավարության հրաժարականը պահանջել:

– Ես էլ իրենց խելքին եմ, հա՞, որ հավատամ: Ասում էին, որ մտնում ենք խորհրդարան` ներսից իշխանությունը տրաքացնենք, հիմա էլ մտան խորհրդարան, որ իշխանության հետ խաղեր տան: Ես դրական ոչինչ չեմ տեսնում` Տիգրան Սարգսյան 2-ին են դնելու, չէ՞: Նույն բանն է անելու, նույն ձևով շարունակելու է աշխատել: Բան չի փոխվելու` մնալու է միայն այն, որ` քամի արեցինք, գոլորշի բաց թողեցինք, խաբեցինք… Տիգրան Սարգսյան 2-ն էլ կասի, թե` բա ընկերներ ենք, էս ձեզ կերակրամանը, մի քիչ էլ դուք օգտվեք:

– Կարծում եք, որ ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունը պաշտոնների համա՞ր է:

– Բա հակառակ դեպքում` էլ ինչի՞ համար: Բացատրեք ինձ… ինչո՞ւ է պետք փոխարինել Տիգրան Սարգսյանին մեկ ուրիշ Տիգրան Սարգսյանով: Գործող վարչապետը նախկինում անկուսակցական մարդ էր, խաչը պաչեց` դարձավ Հանրապետական, որ նախագահի ասածներն անի: Եթե երկրում բան է փոխվելու, դա նախագահի հրամանով է լինելու:

– Այդ դեպքում ո՞ւմ համար է ոչ իշխանական ուժերի քառյակն ուզում կառավարությունում փոփոխություն մտցնել:

– Հասկանալի է` ում համար է արվում: Դաշնակցությունը, ԲՀԿ-ն կցանկանան, որ վարչապետի պաշտոնում գա Ռոբերտ Քոչարյանը, ՀԱԿ-ն էլ դեմ չի լինի… Չեմ բացառում, որ հնարավոր է` նրան են ուզում բերել վարչապետ, բա ուրիշ էլ ինչի՞ համար պիտի նման քայլի դիմեն, երբ, կրկնում եմ` նախագահը մնում է նույնը, Հանրապետական կուսակցությունն էլ խորհրդարանում շարունակելու է մնալ մեծամասնությունը: Տիգրան Սարգսյանը աչքիս լույսը չի, բայց նրա փոխարեն բերելու են մեկին, ով էլի գլխավոր շեֆին է լսելու: Հիմա ի՞նչ իմաստ ունի ուժ վատնել` Տ. Սարգսյան փոխել` բերել Կարապետին կամ չգիտեմ ում: Եթե մենք ուզում ենք, որ քաղաքականություն փոխվի, դժգոհ ենք ներկա իրավիճակից, պետք է իշխանությունը փոխենք` կա՛մ զոռով, կա՛մ էլ` իշխանությունը պիտի ուժ գտնի իր մեջ ու փոխի իրեն, ասի` Տիգրան Սարգսյան` այս կերպ չի կարելի շարունակել:

– Ասացիք, թե ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն կցանկանան, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը զբաղեցնի վարչապետի պաշտոնը: Իսկ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» ինչո՞ւ պետք է նման ցանկություն ունենան:

– «Ժառանգության» պարագայում չեմ կարող կապ գտնել, բայց ՀԱԿ-ը շատ շուտվանից է համագործակցում ԲՀԿ-ի հետ. հիմա չգիտեմ` ԲՀԿ-ի տերն ու տիրականն ո՞վ է, կարո՞ղ է ինքնուրույն քայլեր անել` առանց իր տիրոջ… բայց ես ԲՀԿ ասելով` հասկանում եմ` Ռոբերտ Քոչարյան, բա էլ ո՞վ պիտի լինի: Եթե Քոչարյանը որոշի քաղաքականությունից դուրս գալ, ԲՀԿ-ն կվերանա: Իսկ ՀԱԿ-ը հայտարարեց, որ քաղաքագիտական նպատակներից ելնելով` համագործակցում է: Այս կուսակցությունը ստեղծվեց, որ Ռոբերտ Քոչարյանի գաղափարները ստեղծի, ու մինչև հիմա ԲՀԿ-ն գործում է կոնկրետ ծրագրերի, մոտեցումների շուրջ: Գուցե ԲՀԿ-ն ուզում է ազատ լինել, բայց դա հնարավոր չէ. հնարավոր չէ ազատվել հիմնադրից, նախկին ղեկավարից… Ցանկանալը մի բան է, ծագումն այլ բան է, ստրուկի ոգին` ստրուկ է, չի կարող ազատվել:

Վարչապետի խնդիրն այնքան փոքր խնդիր է, որ ես չեմ պատկերացնում, թե դրա համար… գալու է նոր վարչապետ` «Որոտան» կասկադը չի՞ ծախելու, նույնն է լինելու: Ի՞նչ կարող են իրենք անել` այդքանո՞վ, իրենք ընդդիմադիր չեն. ի՞նչ ընդդիմություն: Հա, ՀԱԿ-ն էլ` ի՞նչ ընդդիմություն:

Մանդատները որ ստացել են` ո՞վ է իրենց տվել… իշխանությունը չէ՞ր կարող 7 տոկոսը գրել 6.5 ու մանդատ չտար` կարող էր, չէ՞… ի՞նչ ընդդիմություն` այդ ԲՀԿ-ն է ընդդիմությո՞ւն, թե՞ Դաշնակցությունը: ՀՅԴ Բյուրոյի անդամն է, չէ՞, դեսպան, ԲՀԿ-ն էլ իր կյանքում չի ասել, որ ինքը ընդդիմություն է, այլընտրանք է, հիմա ինչո՞ւ ենք զոռով իրենց դարձնում ընդդիմություն, անունը փոխում ես` դառնում է ընդդիմությո՞ւն: Քանի որ իշխանափոխություն չեն ուզում, վարչապետի փոփոխություն են ուզում, ուրեմն ընդդիմություն չեն` իշխանության ներսում պայքարում են աթոռի համար, ուրիշ բան չկա:

Տեսանյութեր

Լրահոս