
Թբիլիսիում վիրավորվել են Վրաստանի «օլիմպիական քարտեզի» կապակցությամբ

Ռուսական Независимая газета թերթի փոխանցմամբ՝ վրացական ընդդիմության ներկայացուցիչները դժգոհություն են հայտնել Սոչիի օլիմպիական խաղերի հանդիսավոր բացման արարողակարգի ժամանակ ցուցադրված Վրաստանի քարտեզի կապակցությամբ:
Դժգոհության տեղիք է տվել այն, որ Վրաստանի արբանյակային նկարում, որը ցուցադրվել է նրա մարզիկների դուրս գալու ժամանակ, Աբխազիան ու Հարավային Օսիան փակված են եղել ամպերով: Վրացական ընդդիմությունը՝ նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները, դրանում տեսել են քաղաքական ենթատեքստ:
Դժգոհություն է հայտնել նաև «Եվրոպական դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Պաատա Դավիթայան. «Ոմանք ցանկանում են ցույց տալ, որ Վրաստանի քարտեզն իբր պատահաբար ծածկվել է ինչ-որ սպիտակ բանով, որը նման էր մառախուղի: Ցանկանում եմ միանշանակ հայտարարել, որ դա արվել է միտումնավոր»:
Դավիթայան «սադրանք» է որակել նաև Աբխազիայի ու Հարավային Օսիայի նախագահների ժամանումը Սոչի: