
Սիրիական ընդդիմությունը ՌԴ-ին կոչ է արել չարգելափակել Հալեպի ռմբակոծությունների մասին բանաձևը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական Ազգային դաշինքը Ռուսաստանին կոչ է արել չարգելափակել Հալեպ քաղաքին Սիրիայի ռազմաօդային ուժերի կողմից ավիահարվածներ հասցնելը դատապարտող բանաձևը, որը ներկայացվելու է ՄԱԿ ԱԽ-ի դիտարկմանը:
Այս մասին այսօր Ժնևում հայտարարել է սիրիական Ազգային դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Լուայ Սաֆին: Այս տարվա հունվարին ՄԱԿ ԱԽ-ի անդամները երկու անգամ չկարողացան համաձայնեցնել Հալեպի ռմբակոծությունները դատապարտող բանաձևի նախագիծը:
Մեծ Բրիտանիայի առաջարկած բանաձևով նախատեսվում էր դատապարտել Հալեպին ավիահարվածներ հասցնելը, որոնց հետևանքով նախորդ տարվա դեկտեմբերի 15-ից Հալեպում զոհվել է ավելի քան 700 մարդ: Ռուսաստանն արգելափակել էր այդ փաստաթղթի ընդունումը:
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսն այսօր հայտարարել է, որ Ֆրանսիան մի շարք երկրների հետ ՄԱԿ ԱԽ-ին ներկայացնելու է բանաձևի նախագիծ, որով պահանջվելու է մարդասիրական միջանցք բացել սիրիական պաշարված քաղաքների համար:
Սիրիական պաշարված Հոմս քաղաքում ավելի վաղ մեկնարկել է խաղաղ բնակիչների տարհանումը: Քաղաքը լքած քաղաքացիների քանակը գերազանցել է 600-ը: