
ԱՄՆ-ը սկսել է ավելի ակտիվ մասնակցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Մորնինգսթար

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը ներկայումս ավելի ակտիվորեն է մասնակցում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ համեմատած նախորդ տարիների հետ:
Այս մասին Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը.
«Ես հիանալի հասկանում եմ ադրբեջանական կողմի մտահոգությունը՝ կապված Ղարաբաղյան հակամարտության հետ: Մենք ձգտում ենք լուծում տալ հակամարտությանը, առավել սերտորեն ենք աշխատում կառավարության հետ: Նախորդ տարվա նոյեմբերին տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների դրական հանդիպումը:
Շատ կարևոր է այդպիսի հանդիպումների շարունակումը: Հակամարտոթյան կարգավորման համար կողմերը քննարկում են անցկացնում ավելի կոնկրետ հարցերի շուրջ: Մենք անում ենք ամեն հնարավոր բան՝ այդ հակամարտության կարգավորման համար»: