Սեփական ճարպի պատվաստմամբ հնարավոր է ուղղել մարմնի տարբեր դեֆեկտներ, երիտասարդացնել ձեռքերը, պարանոցը, դեմքը
Հայաստանում մինչ այժմ ռեգեներատիվ պլաստիկ վիրահատության ենթարկվել է 40 անձ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ավանգարդ» բժշկական կենտրոնի տնօրեն Գագիկ Ստամբոլցյանը: Պլաստիկ ռեգեներատիվ վիրահատությունները հնարավորություն են տալիս սեփական ճարպի պատվաստմամբ ուղղել մարմնի տարբեր դեֆեկտներ, երիտասարդացնել ձեռքերը, պարանոցը, դեմքը, կատարել սպիների պլաստիկա, բուժել քրոնիկ, ռադիացիոն վերքերը, մեծացնել կրծքագեղձերն ու հետույքը:
Գ. Ստամբոլցյանի խոսքով՝ պլաստիկ վիրահատությունների այս տեխնոլոգիան Հայաստան է ներմուծվել 2013 թվականից, առայժմ նման վիրահատություններ կատարվում են միայն «Ավանգարդ» բժշկական կենտրոնում:
Գագիկ Ստամբոլցյանն ասաց, որ ճարպի պատվաստման միջոցով կատարվող վիրահատությունների գները գրեթե չեն տարբերվում սովորական պլաստիկ վիրահատությունների գներից:
Նրա փոխանցմամբ՝ նշված մեթոդով կատարվում է նաև կրծքագեղձերի մեծացում: Կրծքագեղձերի մեծացումն այլ վիրահատությունների դեպքում կատարվում է «պրոթեզների» միջոցով. «Այս տեխնոլոգիայի հայտնաբերումից և ներդրումից հետո հնարավորություն կա սեփական ճարպն օգտագործելով՝ մեծացնել կրծքագեղձերը»: Գ. Ստամբոլցյանն ասաց նաև, որ այս մեթոդով կրծքագեղձի մեծացումն ավելի մատչելի է, քան սովորական վիրահատությունների գինը. «Այս դեպքում պրոթեզի գինը դուրս է գալիս»:
Ճարպի պատվաստման նոր մեթոդոլոգիայի էությունը հետևյալն է`հիմնականում ոչ ցանկալի տեղերից հանվում է ճարպը, այնուհետև պացիենտից ստացված սեփական ճարպային հյուսվածքից հատուկ տեխնոլոգիայի կիրառմամբ անջատվում է ռեգեներատիվ հատկություններով օժտված բջիջների խումբ, այսպես կոչված՝ հենքային անոթային ֆրակցիան, որտեղ առկա են նաև մեզենխիմալ ցողունային բջիջներ: Պատվաստման համար նախատեսված ճարպային հյուսվածքը հարստացվում է այս ֆրակցիայով և ներմուծվում մարմնի այն հատվածները, որոնք կարիք ունեն շտկման կամ վերականգնման:
Գագիկ Ստամբոլցյանի խոսքով՝ վիրահատության տևողությունը կախված է դրա չափից՝ այն կարող է տևել 1-4 ժամ: