
Եվրահանձնաժողովը դատապարտել է Շվեյցարիայում անցկացված հանրաքվեի արդյունքները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը դատապարտել է Շվեյցարիայում անցկացված հանրաքվեի արդյունքները, որի ընթացքում այդ երկրի քաղաքացիների մեծ մասը քվեարկել է ներգաղթյալների համար քվոտաների վերականգնման օգտին:
Առաջին հերթին փոփոխություններն առնչվելու են ԵՄ-ից աշխատուժին, քանի որ այլ երկրների օտար մասնագետների համար քվոտաներ արդեն իսկ գործում են Շվեյցարիայում: Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ տվյալ որոշումը հակասում է ԵՄ-ի ու Շվեյցարիա միջև մարդկանց ազատ տեղաշարժի սկզբունքին:
Եվրահանձնաժողովը վերլուծելու է այդ նախաձեռնության հնարավոր հետևանքները՝ ԵՄ-ի ու Շվեյցարիայի միջև հարաբերությունների ողջ համալիրի համար: Երեկ շվեյցարացիների 50.4 տոկոսն աջակցել է օտարազգիների համար քվոտաների համակարգին վերադարձ կատարելու և ներգաղթյալների թվաքանակի սահմանափակման մասին առաջարկին:
Ծայրահեղ աջ քաղաքական գործիչները կարծում են, որ Շվեյցարիան չի կարող տարեկան ընդունել 80.000 օտարազգու: Նրանց կարծիքով՝ դա ավելորդ ճնշում է առաջացնում տրանսպորտային ու կրթական համակարգի և ընդհանրապես ենթակառուցվածքների վրա և վերջին հաշվով շվեյցարացիներին զրկում է աշխատատեղերից: