
Ռուսաստանը Լիբիային հատկացրել է հակատանկային ինքնագնաց հրթիռային համալիրներ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն իրագործել է լիբիական բանակին «Քրիզանթեմ-Ս» տիպի կատարելագործված, ինքնագնաց հակատանկային հրթիռային համալիրների մատակարարման վերաբերյալ պայմանագիրը: Այս մասին հայտարարել է Կոլոմնայի Մեքենաշինության կոնստրուկտորային բյուրոյի գլխավոր տնօրեն ու գլխավոր կոնստրուկտոր Վալերի Կաշինը:
Վերջինիս խոսքերով՝ լիբիական կողմի հետ այդ պայմանագիրը ստորագրվել է 2011 թվականին Լիբիայում մեկնարկած քաղաքացիական ապատերազմից առաջ: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը պայմանագրով Լիբիային մատակարարել է «Քրիզանթեմ-Ս» տիպի 10 համալիր:
Jane’s Defence Weekly պարբերականն իր հերթին դեռևս նախորդ տարվա սեպտեմբերի 24-ին հայտնել էր, որ լիբիական բանակի Facebook-յան էջում հրապարակվել էր «Քրիզանթեմ-Ս» տիպի 10 մեքենայի ժամանման մասին տեղեկատվություն, իսկ ավելի ուշ հրապարակվել էին դրանց լուսանկարները: