
ԿԺԴՀ-ը պատրաստվում է միջուկային չորրորդ փորձարկմանը. Հարավային Կորեայի ՊՆ

Հարավկորեական Yonhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Գվան Չժինը հայտարարել է, որ հյուսիսկորեական Պունգերի միջուկային զորավարժարանում ավարտվել են չորրորդ միջուկային փորձարկումն անցկացնելու պատրաստությունները:
Նախարարն այդ մասին հայտարարել է Հարավային Կորեայի Ազգային ասամբլեայի նիստում: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ չկա որևէ ցուցիչ, որը կվկայեր, որ միջուկային փորձարկումն անցկացվելու է անհապաղ:
Նախարարը կարծում է, որ ԿԺԴՀ-ը կարող է իրականացնել հեռահար գործունեության հրթիռի արձակում՝ ընդգծելով,որ Փհենյանն ավելի վաղ գրեթե միաժամանակ իրականացրել է և՛ հրթիռի արձակում, և՛ միջուկային փորձարկում:
ԿԺԴՀ-ն իրեն միջուկային երկիր է հռչակել 2005 թվականին, ինչից հետո՝ 2006, 2009 և 2013 թվականներին, իրականացրել է ստորգետնյա միջուկային փորձարկումներ, որոնք հարուցել են միջազգային հանրության բողոքները: