
Կլիչկոն Յանուկովիչին հրավիրել է «Մայդան»՝ հրապարակավ բանավեճի (տեսանյութ)

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն երեկ նախագահ Վիկտոր Յանուկովիչին հրավիրել է «Մայդան»՝ հրապարակավ բանավեճերի: Կլիչկոյի խոսքերով՝ Յանուկովիչը շատ առաջարկներ է արել իրեն, որոնցից մեկն էլ առնչվել է հրապարակավ բանավեճեր անցկացնելուն.
«Ես առանց որևէ վայրկյան հապաղելու դրական պատասխան եմ տվել: Ես ցանկանում եմ հաջորդ կիրակի Յանուկովիչին հրավիրել այստեղ՝ «Մայդան»՝ բանավիճելու համար: Եվ թող նա լսի, թե իր մասին ինչ են մտածում մարդիկ»:
Կլիչկոյի խոսքերով՝ «Մայդանը» ոչ թե վրաններ ու բարիկադներ են, այլ՝ առաջին հերթին մարդիկ, որոնց միավորել է ժամանակակից երկրում ապրելու ձգտումը, որոնք դուրս են եկել պայքարի հանուն իրենց, հանուն իրենց ապագայի ու իրենց ընտանիքի ապագայի:
Կլիչկոն ընդգծել է, որ Ուկրաինայի քաղաքացիները և նրանք, ովքեր կանգնած են «Մայդանում», ակնկալում են լիովին իշխանափոխություն, ընդ որում՝ անհապաղ և ոչ թե կես տարի անց: Կլիչկոն կարևորել է 2004 թվականի Սահմանադրությանը վերադարձ կատարելը: