
Սնոուդենը գաղտնի փաստաթղթերը բեռնել է մատչելի ծրագրերի օգնությամբ. The New York Times

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ամերիկյան ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով լրագրողներին հանձնել է ամերիկյան հատուկ ծառայությունների գործունեության վերաբերյալ հազարավոր գաղտնի փաստաթղթեր, դրանք բեռնել է պարզագույն, համընդհանուր մատչելի ծրագրերի օգնությամբ:
Թերթն ընդգծում է, որ հետախուզության աշխատակիցները, որոնք հետաքննում են այն, թե ինչպես է Սնոուդենը ձեռք բերել ամենագաղտնի փաստաթղթեր, պարզել են, որ Սնոուդենն օգտագործել է ոչ թանկարժեք և լայնորեն մատչելի ծրագրային ապահովում:
Հետաքննության տվյալներով՝ փաստաթղթերի բեռնման գործընթացն իրականացվել է ավտոմատ կերպ՝ աշխատանքային մեկ օրվա ընթացքում և պետք է որ առանց որևէ դժվարության բացահայտվեր ու կանխվեր:
Թերթն ընդգծում է, որ դա ապշեցուցիչ բացահայտում է, քանի որ Ազգային անվտանգության գործակալության (որի փաստաթղթերը հրապարակել է Սնոուդենը) առաքելությունը ներառում է երկրի պաշտպանությունը կիբեր հարձակումներից, այդ թվում նաև Ռուսաստանի ու Չինաստանի կողմիցց:
Հետաքննությունը պարզել է նաև, որ Սնոուդենն առնվազն մեկ անգամ հարկադրված է եղել իր գործընկերներին բացատրություն տալ իր գործողությունների շուրջ, սակայն նա գտել է ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը: