Հայաստանի ու Վրաստանի միջև ազատ առևտրի գոտին պետք է պահպանվի ՄՄ անդամակցությունից հետո. Վրացագետ
Հայաստանի` ՄՄ-ին անդամակացությունից հետո թե´ վրացիները և թե´ հայկական կողմը պետք է շահագրգռված լինեն Հայաստանի ու Վրաստանի միջև ազատ առևտրի գոտին պահպանելու հարցում: Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց վրացագետ Ջոն Մելիքյանը, այս հարցի շուրջ քննարկումներն ընթանում են 2013 թ. սեպտեմբերի 3-ից հետո:
Ըստ նրա՝ աբխազական երկաթուղու վերաբացման կարևորությունը գիտակցում են բոլոր կողմերը. նույնիսկ ռուսական կողմը գիտի, որ ՀՀ-ի հետ կապեր ունենալու, առևտուրը զարգացնելու համար պետք է վերաբացել երկաթուղին, բայց այժմ սկսվել են Սոչիի օլիմպիական խաղերը, այս ընթացքում ռուսները շատ զբաղված են եղել, ու միայն դրանց ավարտվելուց հետո, մարտին, կարելի է սպասել ինչ-որ նոր զարգացումների:
«Օլիմպիական խաղերից հետո արդեն նոր մոտեցումներով և´ վրացական կողմը, և´ ռուսական կողմը պատրաստ են խնդիրների լուծումներ փնտրել»,- ասաց Ջ. Մելիքյանը:
Վրացագետի խոսքով՝ աբխազական երկաթուղու բացման և Հայաստանի ու Վրաստանի միջև ազատ առևտրի գոտու պահպանման հարցը մեր հարևան երկրում շատ քիչ է պրոպագանդվում, քանի որ այս պահին այնտեղ Ադրբեջանը շատ լավ է աշխատում. «Վրաստանում շատ քչերը գիտեն, որ ապրանքաշրջանառության ծավալներով ՀՀ-ն առաջին հնգյակի մեջ է մտնում, և ՀՀ-ն շատ կարևոր երկիր է Վրաստանի համար: Աբխազական երկաթուղու հետո կապված իրենց մոտ առաջնային է անվտանգության խնդիրը, գոյություն ունի Սահակաշվիլու կուսակցության ընդդիմությունը, որը հակաիշխանական մոտեցումներ ունի և դեմ է ռուսների հետ որևէ շփումների: Վրաստանում կան կողմնակիցներ, բայց պետք է շատ աշխատանք արվի, լոբբինգը տարվի, որ այդ խնդիրները լուծվեն»: