Բաժիններ՝

Քաղաքապետարանն անուղղակիորեն հաստատում է՝ դպրոցներում ջեռուցման գումարները գրպանվում են

168.am-ը «Դպրոցները ջեռուցման համար խնայած գումարները գրպանո՞ւմ են» հրապարակման մեջ անդրադարձել էր անցած տարի դեկտեմբերին դպրոցների ջեռուցման խնդրին, նշելով, որ հանդիսանալով Պետական ոչ առևտրային կազմակերպություններ, դպրոցները ֆինանսավորվում են գանձապետարանից և սուբսիդիա ստանալու նպատակով տարվա սկզբին լիազոր մարմնին նախահաշիվ են ներկայացնում, իսկ տարվա վերջում դպրոցների տնօրենները ներկայացնում են զեկուցագիր՝ ինչքան և ինչի համար են ծախսել, ինչքան միջոցներ են խնայել, օրինակ՝ ջեռուցման համար հատկացված գումարներից: Եվ այստեղ է խնդրի ամբողջ «մեխը». դպրոցների ղեկավարությունը նաև զեկուցում է, որ այդ խնայողության հաշվին պարգևատրել են աշխատակիցներին, ու խնդրում են հաստատել վերաձևակերպումը: Քաղաքապետարանը հաստատում է փոփոխությունը, այդպիսով՝ օրինականացնելով դասասենյակների ցուրտն ու գումարների վերաբաշխումը: Ընդ որում՝ այդ վերաբաշխումն էլ իրականում «գրպանում» է լինում, քանի որ հիմնականում այդ պարգևատրումը շարքային ուսուցիչներին չի հասել, այլ մուտք է եղել տնօրենների անձնական բյուջե:

Պարզելու համար, թե «խնայված» գումարները որքա՞ն են կազմել ու ի՞նչ նպատակի են ուղղվել, արդյոք դպրոցների աշխատակիցներին պարգևատրում տրվե՞լ է դեկտեմբերին, հունվարի 22-ին մենք հարցում ուղղեցինք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, նաև հետաքրքրվելով, թե Երևանի դպրոցների ջեռուցման համար 2013 թ. դեկտեմբերին ինչքա՞ն գումար է նախատեսված եղել բյուջեով (քանի՞ դպրոցի համար), փաստացի ի՞նչ ծախս է արվել ջեռուցման համար և որքա՞ն է վճարվել, դասավարման ընթացքում ի՞նչ ջերմաստիճան է ապահվվել դասասենյակներում:

Մի կողմ թողնելով, որ հարցմանը պատասխանելու համար օրենքով սահմանված 5-օրյա ժամկետը Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները խախտել են (պատասխանել են փետրվարի 8-ին), մեզ ուղարկված պատախանն էլ, ըստ էության, ոչինչ չի ասում: Դրանում, մասնավորապես, նշված է. «Երևանի քաղաքապետարանը հանրակրթության բնագավառում իրականացնում է պետության կողմից պատվիրակված լիազորություններ, և դպրոցները ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից, կրթական ծառայությունների մատուցման նպատակով, դպրոցներում առկա աշակերտների թվի հիման վրա, որի մեջ ներառվում են նաև հաստատության պահպանման ծախսերը` այդ թվում ջեռուցման գծով: Ինչ վերաբերում է խնայողությունների և տրամադրվող պարգևատրումների վերաբերյալ հարցադրումներին` տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 27.11.2003թ. հ.1648-Ն որոշման դրույթներով, պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեությունների վերաբերյալ հաշվետվությունների կազմման և ներկայացման ժամկետ է սահմանված յուրաքանչյուր տարվա փետրվարի 10-ը, ուստի գրությամբ պահանջվող տեղեկատվությունը հնարավոր կլինի ներկայացնել նշված օրվանից հետո: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կազմակերպության գործադիր մարմինն է տնօրինում պետական կազմակերպության ֆինանսական միջոցները, ինչպես նաև աշխատակիցների նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր»:

Տարօրինակ է, որ պատասխանն այսքան ուշացնելուց հետո քաղաքապետարանի չինովնիկները հարկ չեն համարել մի քանի օր էլ սպասել՝ փետրվարի 10-ին հաշվետվությունները ստանալու և մեր հարցերին ըստ էության պատասխանելու համար և գերադասել են խոսքերի այս կույտը հրամցնել: Նման վարվելակերպն անուղղակի ձևով հաստատում է, որ մեր տեղեկությունները ճիշտ են և մեր երեխաներին սառեցնելու հաշվին դպրոցների ղեկավարությունը գրպանում է կլորիկ գումարներ, բնականաբար, մասհանումներ անելով վերադասներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս