Դավիթ Բաբայան. Ադրբեջանը փորձում է ապակայունացնել վիճակը, ինչը ձեռնտու չէ որևէ մեկին
«Իրավիճակը բավական նորմալ է, կայուն, որևէ արտառոց բան չկա: Շփման գծում, իհարկե, Ադրբեջանը պարբերաբար փորձում է լարել իրավիճակը, բայց վերջին մի քանի օրը համեմատաբար ավելի հանդարտ է, քան մեկ շաբաթ առաջ էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` խոսելով Արցախում և շփման գծում տիրող ընդհանուր վիճակի մասին:
Գնահատելով ադրբեջանական ուժերի կողմից վերջին դիվերսիոն հարձակումը և սադրանքները` Դավիթ Բաբայանն առանձնացրեց ներքին և արտաքին դրդապատճառներ, որոնցով առաջնորդվում է Ադրբեջանի ղեկավարությունը:
«Նրանք փորձում են «ներքին շուկային» ցույց տալ, որ իրենց բանակն ուժեղ է, փորձում են ինչ-որ գործողություններ կատարել: Միաժամանակ, դրանով ադրբեջանական իշխանությունները փորձում են հասարակության շեղել ներքաղաքական գործընթացներից, կոռուպցիայից, իշխող վերնախավի հարստացումից և այլն:
Ինչ վերաբերում է արտաքին գործոնին, ապա հատկապես հաշվի առնելով Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակաշրջանը և այն, որ Արևմուտքը, կարծես թե, միառժամանակ բարելավել է հարաբերությունները Իրանի հետ, Ադրբեջանը փորձում է ապակայունացնել վիճակը, ինչը ձեռնտու չէ որևէ մեկին` ո´չ համաշխարհային գերտերություններին, ո´չ էլ տարածաշրջանային տերություններին:
Հետևաբար, Ադրբեջանը ձգտում է փոխարենն ինչ-որ բան կորզել տարբեր պետություններից (դրանք կլինեն քաղաքական դիվիդենտներ, որպեսզի նրան չանհանգստացնեն ազգային փոքրամասնությունների իրավունքների սահմանափակման, կամ ժողովրդավարության հարցերով) կամ էլ տնտեսական ինչ-որ շահավետ գործարքների հասնել»,- նշեց Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում տեղակայված մարտական հենակետի վրա ադրբեջանական ուժերի իրականցրած դիվերսիոն գործողության հետևանքով զոհվեց հայ զինծառայող Արմեն Հովհաննիսյանը, իսկ հունվարի 28-ին մարտական հենակետում ադրբեջանական դիպուկահարի գնդակից սպանվեց զինծառայող Կարեն Գալստյանը:
Դավիթ Բաբայանի հետ ամբողջական հարցազրույցը՝ առաջիկայում: